Առողջապահության նախարարության հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտած ՊՇՌ թեստեր ներկայացնելու որոշումը խնդիր է ստեղծել գործատու-աշխատող հարաբերությունների մեջ։ Բանն այն է, որ շատերը ՊՇՌ թեստեր են ներկայացրել աշխատավայր, իսկ հետո պարզվել է, որ այն պետք էր հոկտեմբերի 14-ին ներկայացնել։
Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ռուբեն Սարգսյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում պատասխանեց հարցին, թե ինչպես է թույլ տրվել նման անփութություն, ինչո՞ւ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը չի հետևել այս գործընթացին և ինչո՞ւ է գնացել հարաբերությունների սրման։
«Մեկնաբանության թյուրըմբռնում է եղել․ ըստ էության՝ մենք չենք կարող մեկնաբանել առողջապահության նախարարի որոշումները»,- ասաց Սարգսյանը։
Փախնախարարը նշեց, որ որևէ խնդիր չկա, եթե աշխատողը մեկ անգամ թեստ հանձնել է, երկրորդ անգամ էլ կհանձնի։ Նա նաև ընդգծեց, որ հարցի առնչությամբ որևէ բողոք չեն ստացել, եթե ստանան էլ՝ համապատասխան կառույց կա՝ Տեսչական մարմին, որը զբաղվում է նմանատիպ հարցերով։