Հոկտեմբերի 3-ին տեղի ունեցավ Բարսելոնա քաղաքի Սանտա Մարիա Ռեյնա եկեղեցու բակում տեղադրված՝ Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված հայկական խաչքարի բացման և օծման արարողությունը, որին ներկա գտնվեցին դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանն ու դեսպանության դիվանագետները, Արևմտյան Եվրոպայի Հայրապետական Պատվիրակ Գերաշնորհ Տեր Խաժակ Արքեպիսկոպոս Պարսամյանը, Իսպանիայում և Պորտուգալիայում Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու հայրապետական պատվիրակի ներկայացուցիչ Հայր Շնորհք Սարգսյանը, Ռումինիայի Հայոց Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տաթև եպիսկոպոս Հակոբյանը, Բարսելոնայում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետներ, հայ համայնքի ներկայացուցիչներ։ Այս մասին տեղեկանում ենք Իսպանիայում ՀՀ դեսպանությունից։
Խաչքարը և եկեղեցու խորանը զարդարող հայ նկարիչների կողմից նկարված Տեր Հիսուս Քրիստոսի և Սուրբ Տիրամոր սրբապատկերները նվիրաբերվել են Բարսելոնայում բնակվող Մայիլյանների ընտանիքի կողմից։
Արարողությանը նախորդել է Սուրբ պատարագը, որը մատուցել է Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ Գերաշնորհ Տեր Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը։