Իտալիա կատարած պետական այցի շրջանակներում Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը հինգշաբթի հանդիպել է Հռոմի քաղաքապետ Վիրջինիա Ռաջիի հետ, տեղեկացնում են նախագահի ախատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Հանդիպման ընթացքում Արմեն Սարգսյանը նշել է, որ Իտալիա իր այցի նպատակներից է Երևանի և Հռոմի միջև համագործակցության զարգացումը:
Քաղաքապետ Վիրջինիա Ռաջին նշել է, որ ուրախ կլինի խորացնել համագործակցությունը և բարեկամությունը Երևանի հետ:
«Մեր ժողովուրդների հազարամյակների պատմությունը նաև լավ հիմք է ապագայում գործընկերության զարգացման համար»,- ասել է նա՝ պատրաստակամություն հայտնելով իր հայ ընկերներին փոխանցել մշակութային և պատմական ժառանգության պաշտպանության փորձը:
Զրուցակիցներն ընդգծեցին երկու մայրաքաղաքների միջև մշակութային կապերի զարգացման, համատեղ միջոցառումների և ծրագրերի իրականացման կարևորությունը և նշեցին շփումների ակտիվացման անհրաժեշտությունը:
Հանրապետության Նախագահը երախտագիտություն է հայտնել Հռոմի քաղաքապետարանի՝ հայկական կողմի առաջարկին համաձայնության համար` Հովհաննես Թումանյանի կիսանդրին տեղադրել նախագահական պալատի հարևանությամբ գտնվող Սանտ-Անդրեա-ալ-Կվիրինալեի այգում:
Արմեն Սարգսյանը բարձր է գնահատել նաև 2000 թվականին Հռոմի քաղաքային խորհրդի կողմից Հայոց ցեղասպանության միաձայն ճանաչումը: