«Արմենիա» ավիաընկերության Երևան-Մոսկվա-Երևան չեղարկվել է տեխնիկական պատճառներով: Այս մասին Facebook- ում հայտնել է ավիաընկերության փոխտնօրեն Գևորգ Խաչատրյանը։
«Հարգելի ուղևորներ և գործընկերներ, այսօր 08:20 ծրագրված Երևան-Շերեմետևո-Երևան NGT 932/931 չվերթի չեղարկման մասով պարզաբանեմ, որ նախքան չվերթի իրականացումը, օդանավի անձնակազմը նախաչվերթային ստուգման ընթացակարգերի ընթացքում հայտնաբերել է տեխնիկական խնդիր և անվտանգության նկատառումներից ելնելով՝ օդանավի հրամանատարը որոշում է կայացրել չիրականացնել չվերթը՝ առաջնորդվելով բացառապես իր և տեխնիկական անձնակազմի մասնագիտական եզրակացություններով: Տվյալ չվերթով դեպի Մոսկվա և հակառակ ուղղությամբ պետք է ուղևորվեին 240 ուղևոր»,- գրել է նա։
Խաչատրյանը հայտնել է, որ 110 ուղևորի ավիատոմս արդեն իսկ փոխվել է «Արմենիա» ավիաընկերության հաջորդ չվերթների ավիատոմսով:
86 ուղևորի համար գնվել է այլ ավիաընկերությունների չվերթների ավիատոմս:
15 ուղևորի վերադարձվել է ավիատոմսի գումարը։
«29 ուղևորների հետ մեր աշխատակիցները շարունակում են լինել կապի մեջ՝ սպասելով ուղևորների վերջնական որոշմանը:
Չվերթի հետ կապված բոլոր լրացուցիչ ծախսերը՝ COVID 19 թեսթի հանձնում, հյուրանոցի ապահովում և տրանսպորտային բոլոր ծախսերը հոգացել և հոգում է ավիաընկերությունը: Այլ շահարկումներն այս թեմայով տեղին չեն:
Մաղթում եմ բոլորիդ անվտանգ թռիչքներ և փափուկ վայրէջքներ»,- նշել է նա։