Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութունը հանրային քննարկման է ներկայացրել Աշխատանքային օրենսգրքում և «Հանրային ծառայության մասին» օրենքում լրացումներ կատարելու վերաբերյալ նախագիծ, որով սահմանվում են աշխատողին աշխատանքի չթույլատրելու, գործատուի կողմից աշխատանքային պայմանագիրը լուծելու, հանրային պաշտոն զբաղեցնող անձին կամ հանրային ծառայողին աշխատանքի չթույլատրելու և լիազորությունների դադարեցման կամ զբաղեցրած պաշտոնից ազատելու հիմքերն այն դեպքերի համար, երբ աշխատանքի ներկայանալիս աշխատողի կողմից չի ներկայացվում բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին օրենսդրությամբ սահմանված՝ աշխատանքի ներկայանալու անհրաժեշտ պայման հանդիսացող փաստաթղթերը։ Օրինագիծը հանրային քննարկման է ներկայացված Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում։
Փոփոխությունները կատարվում եմ 113-րդ հոդվածում, որով նախատեսվում է աշխատանքային պայմանագրի լուծարումը՝ գործատուի նախաձեռնությամբ։ Նոր կետի համաձայն՝ գործատուն իր նախաձեռնությամբ կարող է լուծարել աշխատանքային պայմանագիրը՝ վերոնշյալ դեպքում աշխատանքի չթույլատրվելու հետևանքով ավելի քան 30 օր անընդմեջ կամ վերջին տասներկու ամսվա ընթացքում` ավելի քան 50 օր աշխատողի՝ իր աշխատանքային պարտականությունները չկատարելու դեպքում:
Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ ներկայում ինչպես Հայաստանի Հանրապետությունում, այնպես էլ ամբողջ աշխարհում շարունակում է պահպանվել կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) ստեղծված արտակարգ իրավիճակը: Նման իրավիճակի պահպանման պայմաններում, աշխարհում, այդ թվում՝ Հայաստանում, նկատվում է կորոնավիրուսային հիվանդությամբ վարակվելու դեպքերի, ինչպես նաև այդ հիվանդության հետևանքով մահվան դեպքերի թվերի աճ: