ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորել է ռեալիթի շոուի ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյաին։ ՀՀ նախագահը շնորհավորանքը հրապարակել է Twitter-ի իր միկրոբլոգում։
«Շնորհավոր ծնունդդ, սիրելի Քիմ Քարդաշյան։ Այնքան ուրախ եմ, որ նույնիսկ գտնվելով այդքան հեռու՝ այդքան լավ ես զգում ու հասկանում, որ Հայաստանը մեր՝ իմ, քո և բոլորիս հայրենիքն է։ Մաղթում եմ քեզ քաջառողջություն, երջանկություն և ամենայն բարիք»,- գրել է նա։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 21-ին ռեալիթի շոուի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը նշել է իր ծննդյան օրը: Այս տարի Քիմը դառնում է 41 տարեկան։
Քիմը հայկական արմատներ ունի հոր կողմից, շոտլանդական և հոլանդական արմատներ` մոր կողմից: Նա երկու անգամ եղել է Հայաստանում՝ 2015 և 2019 թվականներին: Ամեն անգամ Հայաստան գալով՝ Քիմը հուզիչ հրապարակումներ էր անում իր պատմական հայրենիքի մասին: Ավելին՝ Հայաստան իր վերջին այցի ժամանակ Քիմն իր երեխաներին մկրտել է Մայր Աթոռում Սուրբ Էջմիածնում:
Նշենք, որ Քարդաշյանը 2021 թվականին պաշտոնապես ներառվել է Forbes-ի միլիարդատերների ցուցակում։