2022 թվականի սեպտեմբերին Հայաստանում կկայանա STARMUS-ի վեցերորդ փառատոնը: Այս մասին Դիլիջանում հոկտեմբերի 23-ին կայացած «Մտքերի հայկական գագաթնաժողովին» հայտարարեց Կանարյան կղզիների Աստղաֆիզիկայի ինստիտուտի պրոֆեսոր Գարիկ Իսրայելյանը:
Նրա խոսքերով՝ Հայստանում կայանալիք STARMUS-ի վեցերորդ փառատոնին մասնակցելու ցանկություն են հայտնել համաշխարհային համբավ ունեցող երեսուն գիտնականներ, որոնց թվում են Նոբելյան մրցանակի դափնեկիրներ, ինչպես նաև Ջեյմս Բագիյանը՝ տիեզերքը նվաճած առաջին հայը:
Գարիկ Իսրայելյանը նշեց, որ այդ փառատոնը ներկա դրությամբ զբաղեցնում է իր ուրույն տեղը այլ հանրաճանաչ փառատոնների շարքում, որոնք անց են կացվում տարբեր երկրներում: STARMUS փառատոնը նախկինում անցկացվել է Իսպանիայում, Նորվեգիայում, Շվեյցարիայում և այլուր:
Հայաստանյան փառատոնի թեման է լինելու «50 տարի Մարսի վրա», այն նվիրված է լինելու կարմիր մոլորակի վրա առաջին տիեզերական սարքի տեղակայման 50-ամյակին՝ հայ ինժեներ Ալեքսանդր Քեմուրջյանի ստեղծած ռոբոտների ներգրավմամբ: Սակայն բուն տիեզերքի թեման կհանդիսանա քննարկման ենթակա թեմաների ընդամենը 20 տոկոսը. 70 տոկոսը կլինեն նվիրված բիոտեխնոլոգիաներին, իսկ 10-ը՝ մշակույթին:
Փառատոնի շրջանակներում նախատեսվում է ֆորումների և կոնֆերանսների, տարբեր մշակութային միջոցառումների անցկացում:
Հիշեցնենք, որ STARMUS փառատոնը նախատեսվում էր անցկացնել Հայաստանում դեռևս 2021 թ. սեպտեմբերին, բայց պանդեմիայի պատճառով հեռաձգվել էր: Առաջին անգամ այն անցկացվել է Տեներիֆում 2011թ.՝ աստղաֆիզիկոսների շրջանում: Փառատոնն ունի տեխնոլոգիական ուղղվածություն և իր մեջ ներառում է գիտությունը, կրթությունը, մշակույթը և տեխնոլոգիաները: