ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ քննարկում է կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումների քննարկման ժամկետը կրճատել՝ 6 ամսվա փոխարեն սահմանելով 90 աշխատանքային օր:
Օրենքի նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը:
Նա նշեց, որ առաջարկվում է ՀՀ-ում մշտապես բնակվող ազգությամբ հայերի և նախկին ԽՍՀՄ այլ հանրապետությունների քաղաքացիների համար ՀՀ քաղաքացիության ճանաչման դիմում ներկայացնելու օրենքով սահմանված ժամկետը երկարաձգել մինչև 2023-ի դեկտեմբերի 31-ը:
«Նախագծով նախատեսվում է ՀՀ քաղաքացի հանդիսացող չափահաս զավակներ ունեցող անձանց իրավունք վերապահել առանց ՀՀ-ում 3 տարի մշտական բնակության և հայերենով բացատրվելու կարողության պահանջի՝ ձեռք բերելու ՀՀ քաղաքացիություն»,- փոխանցեց ոստիկանապետի տեղակալը։
Նա նաև նշեց, որ ՀՀ քաղաքացիության ձեռքբերման և դադարեցման բնագավառում առաջարկվում են սկզբունքորեն նոր կարգավորումներ:
«Նախագծով առաջարկվում է նաև քաղաքացիություն ձեռք բերելիս առաջին անգամ ՀՀ քաղաքացու անձնագիր ստանալու հնարավորություն նախատեսել բոլոր օտարերկրյա պետություններում գործող ՀՀ դեսպանություններում և հյուպատոսական հիմնարկներում»,- եզրափակեց Արա Ֆիդանյանը։