«Հայկական ցեղասպանության արդարության մարտիկներ» գաղտնի կազմակերպության անդամ Համբիկ Սասունյանն ազատ է արձակվել։
ՀՅ Դաշնակցությունը Սասունյանից հաղորդագրություն է հրապարակել, որտեղ նա հայտարարել է՝ արդեն ժամանել է Հայաստան։
«Մոտավորապես 40 տարի անց պատիվ ունեմ լինել հայրենի հողում, խմել հայրենիքի ջուրը, շնչել օդը»,- ասել է Սասունյանը։ Նա նշել է, որ ազատազրկման ողջ ընթացքում զգացել է հայրենակիցների աջակցությունը, ինչն օգնել է իրեն դժվար պահերին։
«Վերջապես հասա տուն»,- հայտարարել է Սասունյանը։
Համբիկ Սասունյանը (ծնվել է 1963թ. Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում), եղել է «Հայկական ցեղասպանության արդարության մարտիկներ» գաղտնի կազմակերպության անդամ։ 1982թ. հունվարի 28-ի առավոտյան 19-ամյա Համբիկը Լոս Անջելեսում, Ուիլշիր Բուլվարի և Կոմստոկ փողոցի խաչմերուկում գնդակահարել է Թուրքիայի հյուպատոս Քեմալ Արըքանին, երբ նրա ավտոմեքենան կանգնած է եղել կարմիր լույսի տակ։