«Սիթի օֆ Սմայլ/ Ժպիտների քաղաք» հիմնադրամի նախաձեռնությամբ այսօր Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսն այցելել է Պրոֆ․ Ռ․ Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն ու հանդիպել բուժումն ավարտած երեխաների հետ: Այս մասին տեղեկանում ենք «Սիթի օֆ Սմայլ/ Ժպիտների քաղաք» հիմնադրամի Facebook-յան էջից:
«Գաղտնիք չեմ բացահայտի, որ ինձ մոտ էլ տարիներ առաջ հայտնաբերվել է լեյկեմիա հիվանդությունը, բայց ես այստեղ եմ՝ կյանքով լի: Հիվանդությունն ախտորոշեցին իմ ակումբի՝ «Սևիլիայի» հերթական բուժզննման ժամանակ: Ընտանիքիս սկզբում որոշեցի չասել, որպեսզի նախ ինքս համակերպվեմ հիվանդության հետ:Ես շատ լավատես մարդ եմ ու բժիշկներին հարցրի, թե հետագայո՞ւմ էլ կարող եմ կյանքս իմ ուզածի պես դասավորել: Բժիշկները խորհուրդ տվեցին շարունակել հավատարիմ մնալ ինքս ինձ: Դրա համար ձեզ ուզում եմ ասել, որ պետք է ապրենք այսօր ու այստեղ, լինենք լավատես: Ամեն օր զարթնենք ու շնորհակալ լինենք ևս մեկ օր ապրելու համար»,-ասել է մարզիչը: