Կառավարությունն այսօր ընդունեց Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին որոշում, որոնք կսահմանեն աշխատողին աշխատանքի չթույլատրելու, գործատուի կողմից աշխատանքային պայմանագիրը միակողմանիորեն լուծելու, հանրային պաշտոն զբաղեցնող անձին կամ հանրային ծառայողին աշխատանքի չթույլատրելու և լիազորությունների դադարեցման կամ զբաղեցրած պաշտոնից ազատելու հատուկ հիմքերը:
Որպես աշխատանքի չթույլատրելու հիմք սահմանվում է սանիտարահամաճարակային անվտանգության կանոններով սահմանված` աշխատանքի ներկայանալու անհրաժեշտ պայման հանդիսացող փաստաթղթերի բացակությունը աշխատանքի ներկայանալիս։
Աշխատողն ինքը կարող է ընտրել կանխարգելման այն միջոցը, որն անհրաժեշտ կլինի իր աշխատանքի ներկայանալու համար՝ դա կլինի հետազոտության արդյունքը հավաստող փաստաթուղթը կամ իր ցանկության դեպքում՝ պատվաստման սերտիֆիկատը, իսկ հակացուցումների դեպքում՝ բժշկական տեղեկանքը:
Վերը նշված պայմանը սահմանված ժամկետներում չկատարելու դեպքում միայն, սահմանվում է աշխատանքային պայմանագրի միակողմանի լուծման հիմք, իսկ հանրային պաշտոն զբաղեցնող անձի և հանրային ծառայողի լիազորությունները պետք է դադարեցվեն կամ նրանք զբաղեցրած պաշտոնից ազատվեն:
Միևնույն ժամանակ, մի շարք հանրային պաշտոնների դեպքում սահմանվել է այս կարգավորումների կիրառումից բացառություն այն հիմնավորմամբ, որ այդ ցանկում ներառվեն այն անձինք, որոնց պաշտոնը կա՛մ ընտրովի պաշտոն է, կա՛մ վերջիններս նշանակվում են սահմանադրական գործընթացների արդյունքում կամ նրանք, ելնելով իրենց կարգավիճակից և զբաղեցրած պաշտոնի առանձնահատկություններից, ըստ էության, չունեն վերադաս մարմին կամ պաշտոնատար անձ, որը միաժամանակ վերջիններիս նշանակում կամ ազատում է պաշտոնից: