Գիտնականները գրանցել են վերջին մի քանի տարիների ընթացքում ամենահզոր մագնիսական փոթորիկներից մեկը։ Այն սկսվել է նոյեմբերի լույս 4-ի գիշերը։ Ըստ Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ֆիզիկական ինստիտուտի Արեգակի ռենտգենյան աստղագիտության լաբորատորիայի կայքի հաղորդագրության՝ երկրի մագնիսական դաշտի անկայունությունը կշարունակվի առնվազն երկու-երեք օր։
«Մոսկվայի ժամանակով գիշերվա ժամը 1-ին երկրի վրա անսպասելիորեն սկսվել է վերջին տարիների խոշորագույն մագնիսական փոթորիկներից մեկը։ Գեոմագնիսական ակտիվության ինդեքսը, որը վերջին օրերին դանդաղորեն նվազել է, կեսգիշերից գրեթե անմիջապես հետո ավելացել է՝ 5 բալանոց սանդղակով համապատասխանելով երրորդ մակարդակի մագնիսական փոթորկին»,- ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ երկրի մագնիսական դաշտի անկայունությունը կպահպանվի առնվազն երկու-երեք օր, սակայն ընթացիկ առավելագույնին հասնելու հավանականությունը մեծ չէ: