Այն դպրոցները, որտեղ դասարանի 10 տոկոսի չափ կլինի կորոնավիրուսի դեպք, կամ ուսուցչական կազմի մոտ կլինեն դեպքեր, այդ դպրոցները կանցնեն հեռավար ուսուցման։ Այս մասին «Հայաստանի Հանրապետության 2022 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Նա նշեց, որ Առողջապահական համաշխարհային կազմակերպությունն իր ուղեցույցների մեջ նշել է, որ դպրոցների փակումը կամ կիսատ ռեժիմով վարումը պետք է կարճ ընթացքում իրականացնել, որովհետև ունենք երեխաների թե՛ հոգեկան առողջության, թե՛ զարգացման, թե՛ սնուցման ու մի շարք այլ խնդիրներ, որոնց վրա չի կարելի աչք փակել։
«Այն դպրոցները, որտեղ կորոնավիրուսի դեպքերը շատ կլինեն, կանցնեն հեռավար ուսուցման, իսկ բուհերում դասերը դեռ օնլայն են, ինչը կարևոր է»,- կարևորեց նախարարը։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 8-ից դպրոցներում դասերը վերսկսվել են։