ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի նախաձեռնությամբ նոյեմբերի 9-ին` ժամը 10:00-ին, ԱԺ նիստերի դահլիճին կից սրահում տեղի է ունեցել շուշեցի հայազգի ճարտարապետների գործերի ցուցադրությունը: Այս մասին հայտնել է Ազգային ժողովի մամուլի ծառայությունը։
Առանցքում այն շենքերի նախագծերի ցուցադրություններն են, որոնց գոյությամբ Բաքուն գավառական քաղաքից վերածվել է Անդրկովկասի խոշոր վարչական եւ արդյունաբերական կենտրոնի:
«Ուղիղ մեկ տարի առաջ մեծ ջանքերով կարողացանք կասեցնել 44-օրյա պատերազմը, և այսօր կուզենայի հիշել պատերազմը մի փոքր այլ տեսանկյունից՝ ներկայացնելով Շուշիի հայ ճարտարապետների աշխատանքները։ Նրանք շենքեր են կանգնեցրել ոչ միայն իրենց հայրենիքում, այլև Բաքվում՝ իրենց հետքը թողնելով այս քաղաքում»,- ասաց պատգամավոր Թովմասյանը լրագրողների հետ զրույցում։
Նա ուշադրություն հրավիրեց Ադրբեջանի կողմից հայկական մշակութային հուշարձանների ոչնչացման բազմաթիվ դեպքերի վրա՝ ինչպես պատերազմի ժամանակ, այնպես էլ դրա ավարտից հետո։
«Մեր այսօրվա միջոցառումը պատասխան է ադրբեջանցիների բարբարոսությանը, ինչը ցույց է տալիս, որ նույն Բաքվում ակնհայտ է Շուշիի հայ ճարտարապետների հետքը»,- ասաց պատգամավորը։