Ուրբաթ օրը Քաբուլից տարհանված Ռուսաստանի, Բելառուսի, Ուկրաինայի, Հայաստանի և Աֆղանստանի քաղաքացիներով ինքնաթիռները վայրէջք են կատարել մերձմոսկովյան Չկալովսկի օդանավակայանում։ Այս մասին РИА Новости-ին հայտնել են ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունից։
«Ռուսաստանի պաշտպանության նախարարության ռազմատրանսպորտային ավիացիայի ինքնաթիռը, որը մասնակցում է Աֆղանստանի Հանրապետությունից քաղաքացիների տարհանմանը, վայրէջք է կատարել Մոսկվայի մարզի Չկալովսկի օդանավակայանում։ Ինքնաթիռը ժամանել է Աֆղանստանից՝ Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսի, Ուկրաինայի և Աֆղանստանի քաղաքացիներով»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Պարզաբանվում է, որ այժմ ուղևորներն անցնում են մաքսային և հակահամաճարակային հսկողություն:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ դրա շնորհիվ Աֆղանստանից Հայաստանի երկու քաղաքացիներ տուն են վերադառնում։
Տարհանումը կազմակերպել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի անունից:
Բացի այդ, ՌԴ պաշտպանության նախարարությունը երեք ռազմատրանսպորտային ինքնաթիռներից կազմված ավիացիոն խումբ է ստեղծել, որը Աֆղանստանի բնակիչների համար 36 տոննա մարդասիրական բեռ է հասցրել Քաբուլ։ Յուրաքանչյուր ինքնաթիռ ուներ նաև ռազմական բժիշկների բրիգադ՝ անհրաժեշտ սարքավորումներով և դեղամիջոցներով: