Գորիս-Կապան և Կապան-Ճակատեն ճանապարհներին նոյեմբերի 11-ից և նոյեմբերի 15-ից առանց իրավական հիմքերի, այսպես կոչված, ադրբեջանական սահմանային ու մաքսային վերահսկողություն սահմանելուց հետո շարունակում էլ ավելի սրվել հարակից բնակավայրերի բնակիչների իրավունքների և հումանիտար վիճակը: Այս մասին Facebook-ի էջում գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը՝ մանրամասնելով Կապան-Ճակատեն ճանապարհին ադրբեջանական անօրինական արարքների հետևանքների վերաբերյալ փաստահավաք տվյալները։
«Բոլոր 6 բնակավայրերում մարդկանց համար ստեղծված է անորոշ ու անկանխատեսելի իրավիճակ, իրավունքների իրացումն ոչ միայն էլ ավելի է դժվարացել, այլ տարբեր դեպքերում՝ դարձել է անհնար։
Սկսած այն օրից (նոյեմբերի 15), երբ Կապան-Ճակատեն ճանապարհին տեղադրվեցին ադրբեջանական, այսպես կոչված, անցակետեր, լրջորեն սահմանափակվել է առանց այն էլ մարդկանց ազատ տեղաշարժի վտանգի տակ գտնվող իրավունքը:
Դեռևս նոյեմբերի 10-ին և 14-ին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը տեղում այցերով արձանագրել է, որ Կապան-Ճակատեն ճանապարհն անցնելիս ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող հատվածում ադրբեջանական զինված ու գլխավորապես դիմակավորված ծառայողներ մոտենում են ճանապարհին՝ մայթեզրի հատվածին և զենքի բացահայտ ցուցադրմամբ փորձում են ահաբեկել մարդկանց։ Սա էլ այն դեպքում, երբ ճանապարհով երթևեկում են երեխաներ, տարեցներ։ Նման հանցավոր երևույթ արձանագրել է հենց Պաշտպանի աշխատակազմը, ինչպես նաև դա արձանագրվել է հենց այցի օրը՝ նոյեմբերի 10-ին վաղ առավոտյան, երբ ճանապարհի տվյալ հատվածով անցնող մեքենայի մեջ եղել են նաև երեխաներ։
Սրան գումարած՝ առանց այն էլ նշված բնակավայրերում առկա են անվտանգության լրջագույն խնդիրներ: Օրինակ՝ Ճակատենում կան բնակելի տներ, որոնք ադրբեջանական դիրքերից մոտ 200-300 մետր հեռավորության վրա են։ Մեկ այլ դեպքում, օրինակ, Ներքին Հանդում ադրբեջանական զինված ծառայողները կանգնած են գյուղի ջրի միակ ակունքի մոտ, ինչի ջրային անվտանգության լուրջ խնդիր է առաջ բերում: Այս մասին նշել են հենց իրենք գյուղի բնակիչները:
Ստեղծված իրավիճակի պատճառով դպրոցներում դասապրոցեսն ամբողջությամբ կամ մասամբ իրականացվում է հեռավար եղանակով։ Օրինակ՝ Ճակատենի դպրոցում սովորող երեխաներից 4-ը, այդ թվում՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող, ինչպես նաև մանկավարժական անձնակազմը Ճակատեն գալիս են Կապան քաղաքից։ Ճանապարհի երթևեկության արգելքի, ինչպես նաև այլընտրանքային ճանապարհի անանցանելիության պատճառով վերջիններս չեն կարողանում գալ դպրոց, և մարզպետարանի ցուցումների հիման վրա՝ դասերն իրականացվել և շարունակում են իրականացվել հեռավար եղանակով։ Շիկահողի (Սրաշենի) միջնակարգ դպրոցի Սրաշենում գործող մասնաշենքում աշխատում են ուսուցիչներ, որոնք Սրաշեն են գալիս Կապանից: Քանի որ ճանապարհի երթևեկության արգելքի պատճառով Կապանից դպրոց չի կարողանում հասնել Ներքին Հանդի ուսուցիչը: Ուստի, դասերը նշված բնակավայրերում հեռավար եղանակով են անցկացվում։ Ներքին Հանդի դեպքում երեխաների իրավունքներն առանց այն էլ հատկապես ոտնահարված են, քանի որ ադրբեջանական զինված ուժերը տեղակայված են դպրոցից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա»,- նշված է փաստահավաք տվյալներում։