Հասարակական տրանսպորտի ոլորտում ծառայության որակի բարձրացման նպատակով Երևանի քաղաքապետարանը հայտարարում է հասարակական տրանսպորտի միասնական տոմսային համակարգի ներդրման և ֆինանսական օպերատոր ընտրելու բաց հրապարակային մրցույթ:
Մրցույթի նպատակը Երևան քաղաքի հասարակական տրանսպորտում տոմսային համակարգի ներդրումն է, որը նախատեսված է ոլորտի համալիր բարելավման ծրագրով, առանց որի նախատեսվող նոր երթուղային ցանցը հնարավոր չի լինի լիարժեք շահագործել:
Բացի այդ, համակարգը կնպաստի հասարակական տրանսպորտի ոլորտում ծառայության որակի բարձրացմանը, տոմսերի ձեռքբերման և մարման ժամանակին համահունչ և հարմարավետ ծառայության տրամադրմանը: Այն, ըստ քաղաքապետարանի, կօգնի տոմսերի վաճառքի, տոմսային հասույթի վերահսկելիության և թափանցիկության ապահովմանը, հասարակական տրանսպորտից օգտվողների քանակի ավելացմանը:
Մրցույթին կարող են իրավաբանական անձինք մասնակցել, որոնք պետք է ոչ ուշ, քան մրցույթի հրապարակային ծանուցումից 10 աշխատանքային օր հետո (2021թ.՝ դեկտեմբերի 7-ը, ժամը՝ 17.00, հետևյալ հասցեով՝ Արգիշտի 1, հեռախոս՝ 011-514-700) ներկայացնեն իրենց հայտերը: