Տեղի է ունեցել ՆԳՆ նախկին նախարար Վանո Սիրադեղյանի թաղման հանձնաժողովի նիստը: Այս մասին հայտնում են Կառավարությունից։
Հանձնաժողովի որոշմամբ Վանո Սիրադեղյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 3-ին՝ 17:00-ից 21:00-ն՝ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:
Սիրադեղյանի հուղարկավորությունը նախատեսվում է նրա հայրենի Կոթի գյուղում՝ ժամը 12:00-ին:
Սգո թափորն Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մոտից կշարժվի Կոթի՝ դեկտեմբերի 4-ին՝ առավոտյան 8:00-ին:
Նշենք՝ նոյեմբերի 23-ի ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է, որ առաջիկայում Վանո Սիրադեղյանի աճյունը կտեղափոխվի Հայաստան։
Հավելենք, որ Վանո Սիրադեղյանը մահացել է հոկտեմբերի 15-ին՝ 75 տարեկանում։
Սիրադեղյանը Հայաստանի անկախության առաջին տասնամյակում մի շարք առանցքային պաշտոններ է զբաղեցրել, այդ թվում՝ Ներքին գործերի նախարար, Երևանի քաղաքապետ, ՀՀՇ վարչության նախագահ:
Վանո Սիրադեղյանը մեղադրվում էր մի շարք ծանր հոդվածներով։
Նա հեռացել էր երկրից, և նրա նկատմամբ միջազգային հետախուզում էր հայտարարվել։