Այսօր՝ նոյեմբերի 25-ին Հայաստանի Հանրապետության ազգային հերոս, Արցախի հերոս Մոնթե Մելքոնյանի ծննդյան 64-ամյակի կապակցությամբ Վարդենիս համայնքի խաղաղության հրապարակում տեղի ունեցավ Մոնթե Մելքոնյանի հուշարձանի և համանուն պուրակի բացման հանդիսավոր արարողությունը: Այս մասին հայտնում են Վարդենիսի համայնքապետարանից։
«Պուրակիը նախատեսված էր կառուցել դեռևս անցյալ տարվա ընթացքում, սակայն հետաձգվեց՝ պայմանավորված կորոնավիրուսային հիվանդության տարածմամբ այնուհետև Արցախյան 44-օրյա պատերազմով:
Արարողության մեկնարկին Վարդենիս համայնքի ղեկավար՝ Արամ Մելքոնյանը, 2-րդ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալ՝ Հայկ Պետրոսյանը և Գևորգ Գապոյանը կտրեցին պուրակի ժապավենը և իջեցրին սավանը՝ պաշտոնապես բացելով կիսանդրին, այնուհետև հանդես եկան հիշատակի եւ ոգեկոչման խոսքերով:
Զինվորականների կողմից ծաղկեպսակ զետեղվեց հուշարձանի առջև, որից հետո Արցախյան 90-կանների, քառօրյա և 44-օրյա պատերազմներում հերոսաբար զոհված քաջորդիների հիշատակին մատուցվեց հոգեհանգստի կարգ՝ ձեռամբ Գեղարքունյաց թեմի Վարդենիսի և տարածաշրջանի հոգևոր հովիվ, քահանա Տեր-Տարոն Հունանյանի:
Արարողությանը ներկա էին հուշարձանի նախագծման հեղինակ, ճարտարապետ Համլետ Գասպարյանը, քանդակագործ՝ Արթուր Շահինյանը, վերջինս ևս հանդես եկավ խոսքով, ներկա էին նաև կառույցների ղեկավարներ, հյուրեր, վարդենիսցիներ:
Արարողությունը եզրափակեցին Վարդենիս համայնքի հանրակրթական դպրոցների սաները՝ հանդես գալով Մոնթե Մելքոնյանի հեղինակային խոսքերով»,-հայտնում են Վարդենիսի համայնքապետարանից։