ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է 32-ամյա տղամարդու կողմից 12 և 10 տարեկան երեխաների նկատմամբ անառակաբարո գործողություններ, շորթում կատարելու, պոռնկագրական նյութեր պահելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Այս մասին հայտնել է Քննչական կոմիտեն։
Քննությամբ պարզվել և հիմնավորվել է, որ 32-ամյա տղամարդը, հաստատապես իմանալով, որ համացանցի միջոցով իր հետ ծանոթացած անձն ընդամենը 12 տարեկան աղջիկ է, սեփական սեռական պահանջմունքները բավարարելու շարժառիթով, «Tiktok» սոցիալական ցանցում գրանցված կայքէջով խաբեությամբ պահանջել է պարբերաբար կատարել իր սեռական բնազդը գրգռող, անառողջ սեռական հետաքրքրություն առաջացնող գործողություններ, այնուհետև երեխային ստիպել է այդ ամենը լուսանկարել, տեսանկարահանել և ուղարկել իրեն: Ենթարկվելով տղամարդու պահանջին՝ աղջիկը լուսանկարներն ու տեսագրություններն «Instagram», «Viber» հավելվածների միջոցով ուղարկել է նրան:
Երեխայի մասին արատավորող տեղեկություններ հրապարակելու սպառնալիքով նրա հորից պահանջել է գումար փոխանցել «Totogaming» խաղային կայքէջի և «IDram» էլեկտրոնային դրամապանակի իր հաշվեհամարներին, իսկ որպեսզի սպառնալիքները լուրջ ընկալվեն, մինչև գումարի ստանալը, «Tiktok» սոցիալական ցանցում գրանցված կայքէջում հրապարակել է աղջնակի կիսամերկ լուսանկարը, որը ջնջել է գումարը ստանալուց հետո:
Նախաքննության ընթացքում տվյալներ են ձեռք բերվել՝ հիշյալ տղամարդու կողմից կատարված այլ հանցավոր դրսևորումների վերաբերյալ ևս:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 32-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 142-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 4-րդ և 6-րդ կետերով, 142-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ) և 263-րդ հոդվածի 2-րդ մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել հսկողություն իրականացնող դատախազին: