Երեկ՝ դեկտեմբերի 3-ին, ՄԻՊ փաստահավաք աշխատանքներ ենք իրականացրել ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի Որոտան, Շուռնուխ և Բարձրավան գյուղերում, տեղի են ունեցել քննարկումներ բնակիչների հետ: Աշխատանքները կատարվել են Գորիս համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արտյոմ Աղաջանյանի և անձնակազմի աջակցությամբ:
ՄԻՊ-ը տեղեկացնում է, որ Գորիս-Կապան ճանապարհի փակվելու հետևանքով շահագործվում է այլընտրանքային ճանապարհ, որն անցնում է Խոտ գյուղով և տանում դեպի Որոտան: Ճանապարհն անանցանելի է թեթև մարդատար (ոչ ամենագնաց) ավտոմեքենաների համար:
Սահմանվել է «ՈՒՐԱԼ» ամենագնաց տրանսպորտային 1 միջոցով երթուղի: Այն երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ օրերին Գորիս քաղաքից առավոտյան ժամը 7:30 դպրոցի ուսուցիչներին Գորիս քաղաքից բերում է Որոտան, ապա ճանապարհը շարունակում դեպի Շուռնուխ ու Բարձրավան և հետո հետադարձով ժամը 10:00-11:00-ի սահմաններում բնակիչներին Որոտանից տանում է Գորիս:
Այնուհետև, շաբաթվա նշված օրերին՝ ժամը 14:00-ի հատվածում Գորիսից վերադառնում է Որոտան և մյուս գյուղերը, իսկ երեկոյան ժամը 16:00-17:00-ի սահմաններում Որոտանից վերադառնում է Գորիս: Շաբաթվա երեքշաբթի և հինգշաբթի օրերին ուսուցիչներին առավոտյան ժամը 7:30 բերում է Գորիսից Որոտան և երեկոյան ժամը 16:00-17:00-ի հատվածում Որոտանից տանում Գորիս:
Այսինքն՝ գործում է ամենագնաց տրանսպորտային 1 միջոց, որը, թեև, պարտաճանաչ է, բայց ինքնին բավարար չէ, քանի որ երթուղու սեղմ գրաֆիկը, դժվարանցանելի ճանապարհը թույլ չեն տալիս մարդկանց հոգալ իրենց առօրյա կարիքները, հասցնել մեկ օրվա ընթացքում՝ մինչև մութն ընկնելը կազմակերպել նրանց տեղափոխումը՝ սպասարկելով 3 գյուղեր և մարդիկ բախվում են բազմաթիվ խնդիրների:
Նախևառաջ, խնդիրներ են առաջանում՝ կապված առողջության պահպանման իրավունքի և բուժօգնության հասանելիության հետ: Որոտանում, օրինակ, բնակիչները տարբեր բժշկական հարցերի համար պայմանավորվածություններ ունեն բուժհաստատություններում, բայց ժամերի տարբերության կամ ճանապարհի դժվարանցանելիությամբ պայմանավորված՝ չեն կարողանում սահմանված ժամերին հասնել բժշկի:
Կան դեպքեր, երբ մարդիկ չեն կարողանում ներկայանալ պլանային բուժհետազոտությունների՝ ճանապարհի խոչընդոտների պատճառով. այդ ճանապարհն անանցանելի է ոչ ամենագնաց մեքենաների և անգամ դժավարանցանելի է ամենագնաց մեքենաների համար: Այս խնդիրներն առկա են Շուռնուխում, Բարձրավանում, Որոտանում: Հատկապես խնդրահարույց է շտապ բժշկական օգնության հասանելիությունը։
Դժվարացել է սննդի ձեռքբերման կազմակերպումը, առաջին անհրաժեշտության այլ ապրանքների, երեխաների խնամքի պարագաների ձեռք բերումը: Հացը մատակարարվում է ԱԻՆ ՈՒԱԶ ամենագաց մեքենայով: Առկա են անհատական դժվարություններ:
Որոտանում բնակվող երեխաների մի մասը չի կարողանում հաճախել Գորիսում սպորտի և պարի խմբակների. սա խնդրահարույց է, քանի որ երեխաները լուրջ հաջողություններ են գրանցել:
Երեխաները չեն կարողանում նաև հաճախել ուսուցիչների մոտ լրացուցիչ դասընթացների Գորիս քաղաք։ Գնալու դեպքում խնդիր է նաև երեխաների վերադարձը Գորիսից՝ կապված ժամերի անհարմարությունների հետ (օրինակ՝ ժամը 13-ին կամ 14-ին դասը վերջացնող երեխան պետք է ևս մի քանի ժամ սպասի տրանսպորտային միջոցի ժամին):
Բոլոր գյուղերում էլ, այդ թվում՝ Որոտանում առաջ են եկել գյուղատնտեսական ապրանքների (օրինակ՝ խաղող, արքայանարինջ և այլն) իրացման խնդիրներ: Բանն այն է, որ մինչև ճանապարհի փակվելը տարբեր գնորդներ էին գալիս գյուղեր կամ իրենք գյուղերի բնակիչներն էին վաճառքի համար իրենց ապրանքը տանում Գորիս կամ այլ վայրեր:
Խնդիրներ են առաջ գալիս նաև այն դեպքերում, երբ պետք է բանկերում գործարքներ անեն, բայց բանկերի աշխատանքային ժամերով պայմանավորված՝ չեն կարողանում հասցնել: