Ալավերդի և Ախթալա խոշորացված համայնքները գտնվում են Ալավերդիի պղնձաձուլական գործարանի աղտոտող օբյեկտների և Շամլուղի պղնձի հանքավայրը շահագործող Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի ենթակառուցվածքների ազդեցության գոտում: Ինչպես և նախորդ դեպքերում, փորձանմուշները վերցվել են այն տարածքներից, որտեղ տեղի է ունենում երկրորդային քիմիական աղտոտում: Մթնոլորտ քիմիական աղտոտիչների արտանետումների կամ արտահոսքի հետևանքով աղտոտվածությունը կարող է կուտակվել կենսանյութերում՝ վնաս պատճառելով կենդանի օրգանիզմներին։ Այս մասին հաղորդում է «ԷկոԼուրը»։
«Ալավերդիում, Աքորիում և Հաղպատում կատարված հետազոտությունների արդյունքները լրացրել են հողում ծանր մետաղների տարածման՝ 2018-2021թթ. կատարված հետազոտությունների հիման վրա ստացված ընդհանուր պատկերը։
Հողից վերցված նմուշներում ծանր մետաղների՝ մկնդեղի (As), կադմիումի (Cd), քրոմի (Cr), պղնձի (Cu), մոլիբդենի (Mo), նիկելի (Ni), կապարի (Pb) և ցինկի (Zn) պարունակությունը գերազանցել է հայկական ստանդարտների սահմանաչափը՝ բոլոր ուսումնասիրված մետաղների համար: Պղնձի դեպքում գրանցվել է հողում չեխական, հոլանդական և ֆրանսիական չափանիշներով սահմանային թույլատրելի կոնցենտրացիայի գերազանցում:
Հետազոտությունները հաստատել են նաև աղտոտող նյութերի՝ քամիների հիմնական ուղղություններով տարածման վարկածը։
Միևնույն ժամանակ հետազոտվել են Դեբեդ գետի հատակային նստվածքները՝ Ալավերդի քաղաքի կենտրոնական հատվածի դիմացի տարածքում (Ալավերդի-Սանահին/Կայարան շրջան), և Դեբեդ գետի մեջ ջրային հոսքերի ներթափանցման գոտուց 500 մ հեռավորության վրա գտնվող տարածքից:
Այսպիսով, ևս մեկ անգամ հաստատվեց շրջակա միջավայրում աղտոտիչների երկարաժամկետ առկայությունը նույնիսկ արդյունաբերական ձեռնարկության գործունեության դադարեցումից տարիներ անց»,- ասված է «ԷկոԼուրի» հրապարակած հոդվածում։