Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի պաշտպան, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը և ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի պաշտպան, իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ երեկ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ հրապարակված տեսանյութի առնչությամբ։ Այս մասին հայտնել է ՄԻՊ-ը։
Տեսանյութում նա իրականությանը չհամապատասխանող գնահատականներ է տալիս ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի և իրավապաշտպանների 2021 թվականի օգոստոսի 9-ի «Ադրբեջանի պատասխանատվությունը հայ գերիներին խոշտանգելու և անմարդկային վերաբերմունքի ենթարկելու համար» արտահերթ հրապարակային զեկույցին:
Համատեղ հայտարարության մեջ, ասվում է․
«Նախ` անթույլատրելի ենք համարում առանց անձի գիտակցված համաձայնության նրա մասնավոր հարաբերությունները, երկխոսությունը տեսաձայնագրելն ու դա տարածելը:
Համատեղ արտահերթ զեկույցին վերագրումների և հնչած որակումների կապակցությամբ արձանագրում ենք՝
1․ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը համատեղ արտահերթ զեկույցին վերագրում է գոյություն չունեցող փաստեր, ինչպես օրինակ, նշում է, որ զեկույցում արձանագրվել են հայրենադարձված գերիների բռնաբարության դեպքեր. մինչդեռ, զեկույցում որևէ խոսք չկա բռնաբարության մասին:
Համատեղ արտահերթ հրապարակային զեկույցում գերիներից որևէ մեկի անձնական տվյալ, այդ թվում՝ լուսանկար ու տեսանյութ, երբևէ չի հրապարակվել։
2. Տեղեկացնում ենք, որ համատեղ արտահերթ հրապարակային զեկույցում գերիների խոշտանգման փաստերը հաստատելու համար գործածվել են փաստահավաք աշխատանքի միջազգային չափանիշները։ Այս առումով, խոշտանգման փաստի հաստատման վերաբերյալ փաստահավաք աշխատանքը չի ենթադրում, որ փաստահավաքություն իրականացնող իրավապաշտպանը պետք է անպայման ներկա կամ մասնակից լինի խոշտանգման պրոցեսին։
3․ Համատեղ արտահերթ հրապարակային զեկույցը չի նույնականացնում և չի բացահայտում հայրենադարձված այն գերիներին, որոնց նկատմամբ կիրառվել են կտտանքներ ու անմարդկային վերաբերմունք։
4. Նշվածից բացի, հայրենադարձված հայ գերիներն իրենք ինքնուրույն տարբեր լրատվամիջոցների տվել են հարցազրույցներ՝ բաց կերպով ներկայացնելով այն կտտանքները, որոնց ենթարկվել են Ադրբեջանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում։
5․ Հարկ ենք համարում ընդգծել, որ հայ գերիներին խոշտանգելու և անմարդկային վերաբերմունքի ենթարկելու վերաբերյալ տվյալներ միջազգային կառույցներին ներկայացնելիս վերացական բնույթի տեղեկությունների տրամադրումը չունի արդյունավետություն:
Ուստի, բարձրաստիճան պաշտոնյաներին խստիվ հորդորում ենք զերծ մնալ նման զգայուն հարցերի վերաբերյալ հրապարակային հանդես գալուց, չշահարկել դրանք քաղաքական կամ այլ նպատակներով, քանի որ դրանք Ադրբեջանը հաջողությամբ գործածում է միջազգային կառույցների, առջև, այդ թվում՝ դատական, պաշտպանվելու ի շահ իրեն և ի վնաս՝ հայ գերիների իրավունքների»: