Ինքնակամ շինությունների խնդիրը տարիներ շարունակ չի գտնում իր կարգավորումը, որի հետևանքով աղճատվել է քաղաքաշինական պատկերը, ծագել անվտանգության հետ խնդիրներ։ Այս մասին հայտնեց արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը և ներկայացրեց նոր նախագիծ, որը վերջ կտա ապօրինի շինությունների ավելացմանը։ Նրա խոսքով՝ կառավարությունը նպատակ չունի այնպես անել, որ արդեն իսկ կառուցված շինությունները քաղաքացիներն ու իրավաբանական անձինք մեծ վնասներ պատճառեն և քանդվի ամբողջ շինությունը, գործելու է հստակ մեխանիզմ։
Հատկապես արագ պետք է միջոցներ ձեռնարկեն 2021 թվականի հունվարից սկսած մինչ օրենքի ուժի մեջ մտնելը։ Նրանց տրվելու է երկամսյա ժամկետ, որպեսզի օրինականացնեն փաստաթղթերը։ Դրանք կտարածվեն այն անհատների վրա, որոնք կառուցել են 2021 թվականի հունվարի 1-ից մինչև ներկայացված փաթեթի ուժի մեջ մտնելը։
Երևանում անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետ է սահմանվել 2023 թվականի հունվարի 1-ը, այլ քաղաքներում՝ մինչև 2024 թվականի հունվարի 1-ը, գյուղական բնակավայրերում՝ մինչև 2025 թվականի հունվարի 1-ը։ Նախարարի խոսքով՝ այսուհետ ավելի խիստ սանկցիաներ և պատիժներ են լինելու այն համայնքային ղեկավարների նկատմամբ, ովքեր չեն իրականացնի տեսչական մարմինների պահանջները, չեն ազատի համայնքային պետական հողերն այդպիսի զավթումներից։