Այսօր հայ պետական, ռազմական գործիչ, քաղաքագետ-իմաստասեր Գարեգին Նժդեհի հիշատակի օրն է:
Նա ծնվել է հայոց Նախիջևան գավառի Կզնուտ (այժմ` Կյուզնուտ) գյուղում:
Գարեգին Նժդեհը լայն հանրությանը հայտնի է առաջին հերթին որպես զորավար ու պետական գործիչ, իսկ որպես մտածող` սոսկ հատվածաբար ներկայացվող իր խորիմաստ ու սեղմ ասույթներով։ Նժդեհը մեր պատմության այն եզակի դեմքերից է, որի մեջ ներդաշնակորեն միաձուլվել են զինվորականն ու մտածողը, ազգային բարոյախոսն ու քաղաքական գործիչը։ Նա իր պատմաստեղծ կյանքով հաստատաբար դասվում է հայոց առաջնագույն մեծերի շարքը։
Գարեգին Նժդեհը մահացել է 1955-ի դեկտեմբերի 21-ին Վլադիմիրի բանտում։
1983-ի օգոստոսին Գարեգին Նժդեհի աճյունը Վլադիմիրի կենտրոնական բանտի գերեզմանոցից գաղտնի տեղափոխվեց Հայաստան։ 1983-ի հոկտեմբերի 7-ին Նժդեհի աճյունը տեղափոխվեց Բաղաբուրդ գյուղ և պահվեց նկուղում։
Միայն մեկ ողը թաղեցին Խուստուփ լեռան լանջին գտնվող աղբյուրի մոտ, այնուհետև 1987-ի մայիսի 8-ին, Ռաֆայել Համբարձումյանի նախաձեռնությամբ, Նժդեհի աճյունը տեղափոխվեց ու թաղվեց Վերիշեն գյուղի մոտ գտնվող ս. Աստվածածին վանական համալիրի տարածքում, որը նաև կոչվում է Սպիտակավոր եկեղեցի։
1989-ի հունիսի 17-ին Պարույր Հայրիկյանի, Մովսես Գորգիսյանի և ուրիշների նախաձեռնությամբ տեղադրվեց գերեզմանաքար-խաչքար, և այդ օրը դարձավ նժդեհյան օր։ Երբ Կապանում կառուցվեց Գարեգին Նժդեհի համալիրը, Սերժ Մկրտչյանի նախաձեռնությամբ, Սպիտակավորից վերցվեց Նժդեհի աջն ու թաղվեց Կապանի համալիրում։
Այսպիսով, Նժդեհն ունեցավ մեկի փոխարեն երեք գերեզման՝ Սպիտակավորում, Խուստուփում, Կապանում։
Իր մահից տասնամյակներ անց միայն՝ 1992-ի մարտի 30-ին, Նժդեհը ՀՀ դատախազության կողմից արդարացվեց։