ՀՀ գործող իրավակարգավորումների համաձայն՝ երեխայի կարգաթվով պայմանավորված պետական նպաստ տրվում է միայն երեխայի ծննդյան դեպքում, որը միանվագ բնույթի է։ Ըստ էության, ժողովրդագրական իրավիճակի բարելավմանն ուղղված պարբերական բնույթի դրամական աջակցություն ՀՀ օրենսդրությամբ նախատեսված չէ։
Ընտանիքում 3-րդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծնվելու կապակցությամբ նոր ծնված երեխային նշանակվում է դրամական աջակցություն՝ ամսական 50 000 դրամի չափով, մինչև երեխայի 6 տարեկանը լրանալու ամիսը ներառյալ Այս մասին որոշում ընդունվեց այսօրվա կառավարության նիստի ժամանակ։
«Որոշման դրույթները տարածվելու են այն դեպքերի վրա, երբ երեխան ծնվել է 2022 թվականի հունվարի 1-ին կամ դրանից հետո՝ մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ»,- հայտնեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։
Նա նաև տեղեկացրեց, որ եթե երեխան սկսել է ստանալ աջակցություն, ապա անկախ ծրագրի տևողությունից, նա կշարունակի ստանալ այն մինչև 6 տարեկան։
«Այս աջակցությունը չի ազդում երեխայի ծննդյան միանվագ վճարման վրա, որը 1 միլիոն դրամ է, չի ազդում նաև երեխայի խնամքի նպաստի վրա՝ մինչև 2 տարեկան տրվող»,- ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ այն ազդում է միայն աղքատության նպաստի վրա։
Նախատեսվել է, որ դրամական աջակցությունը վճարվելու է անկանխիկ եղանակով, բանկի միջոցով։
Կարգով սահմանված են նաև դրամական աջակցություն ստանալու իրավունքի դադարեցման և վերականգնման հիմքերը, ինչպես նաև վճարման դադարեցման և վերականգնման հիմքերը, չվճարված կենսաթոշակը վճարելու և ավել վճարված կենսաթոշակը վերադարձնելու կարգերը։