Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն «Flyone Armenia» հայկական ավիաընկերությանը տրամադրել է երկու և ավելի ոչ կանոնավոր առևտրային օդային հաղորդակցություննների իրականացման թույլտվություն Երևան-Ստամբուլ երթուղով՝ 2022 թվականի հունվարի 1-ից շաբաթական 3 չվերթ հաճախականությամբ։
Այս մասին ի պատասխան Armenia Today-ի գրավոր հարցմանը՝ հայտնել են Հայաստանի քաղավիացիայի կոմիտեից:
ՔԿ-ից մեց նաև հայտնել են, որ կոմիտեն ստացել է «Pegasus» ավիաընկերության հայտը դեպի Թուրքիա չվերթներ իրականացնելու նպատակով, որը դեռևս գտնվում է ուսումնասիրության փուլում:
Ավելի վաղ, Armenia Today-ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից հայտնել էին, որ ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն Երևան-Ստամբուլ-Երևան ուղիղ չվերթներ իրականացնելու համար դեկտեմբերի 23-ի երեկոյան ստացել է մեկ հայտ «Ֆլայուան Արմենիա» ավիաընկերության կողմից։
Նշենք, որ դեկտեմբերի 16-ին Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ Անկարան դիտարկում է թուրքական և հայկական ավիաընկերությունների դիմումները Ստամբուլ-Երևան-Ստամբուլ չվերթների բացման հարցով։ Չավուշօղլուն հայտնել էր, որ ավիաընկերությունների հայտերը քննարկվում են Տրանսպորտի նախարարությունում և Թուրքիայի Քաղավիացիայի գլխավոր վարչությունում։
Հիշեցնենք նաև, որ դեկտեմբերի 23-ին հայտնի դարձավ, որ, ըստ Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Ադիլ Քարաիսմայիլօղլուի հայտարարության՝ թուրքական բյուջետային «Pegasus» ավիաընկերությունը պատրաստվում է թռիչքներ իրականացնել դեպի Երևան:
Նշենք, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար արդեն նշանակվել են հատուկ բանագնացներ։ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը դեկտեմբերի 14-ին հաստատել է Երևանի և Անկարայի միջև հատուկ ներկայացուցիչների նշանակման համաձայնագրի առկայությունը։ Երկխոսության գործընթացում Հայաստանը ներկայացնելու է Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, իսկ Թուրքիան՝ ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչը: