Այսօր՝ ժամը 18: 20-ին նախատեսված Երևան-Ակտաու չվերթը չեղարկվել է։
Այս մասին տեղեկանում ենք «Զվարթնոց» օդանավակայանի կայքէջից։
Չեղարկման պատճառը, ամենայն հավանականությամբ, Ղազախստանում տիրող իրավիճակն է։
Նկատենք, որ ավելի վաղ չեղարկվել է նաև Ակտաու-Երևան գիշերային չվերթը։
Նշենք, որ 2022 թվականը Ղազախստանի հանրապետությունում բողոքի ակցիաներով է սկսվել:
Ղազախստանի կառավարությունը հրաժարական է տվել այդ երկրում ընթացող զանգվածային ցույցերի ֆոնին։ Արտակարգ իրավիճակ էր հայտարարել երկրի խոշորագույն Ալմաթի քաղաքում և Մանգիստաուի մարզում, որտեղ շարունակվում են բողոքի ցույցերն ընդդեմ վառելիքի գների բարձրացման։
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է, որ հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ:
Ղազախստանի նախագահն օգնության խնդրանքով դիմել է ՀԱՊԿ-ի՝ Ղազախստանում հաստատված իրավիճակը հաղթահարելու հարցում: Որպես ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ՝ վարչապետ Փաշինյանն անհապաղ խորհրդակցություններ է սկսել ՀԱՊԿ երկրների ղեկավարների հետ։ Հետո Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ հայտարարել է, որ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը Հավաքական անվտանգության պայմանագրի 4-րդ հոդվածի համաձայն՝ որոշում է կայացրել սահմանափակ ժամանակահատվածով Ղազախստանի հանրապետություն ուղարկել ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժեր՝ այդ երկրում իրավիճակի կայունացման և կարգավորման նպատակով: