ՀՀ դեսպանությունը Facebook-ի էջում հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ Ղազախստանում ստեղծված ծանր իրավիճակի պատճառով արտակարգ դրություն և պարետային ժամ է սահմանվել (ժամը 23:00-ից մինչև 07:00-ն):
«Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին խստորեն խորհուրդ ենք տալիս պահպանել անվտանգության միջոցները, զերծ մնալ մարդաշատ վայրեր այցելելուց, մնալ հյուրանոցներում/կացության վայրերում»,- ասված է Ղազախստանում ՀՀ դեսպանության տարածած հայտարարության մեջ։
Նշենք, որ Ղազախստանում զանգվածային բողոքի ակցիաները սկսվել են հունվարի 2-ից։ Ժանաօզեն և Ակտաու քաղաքների բնակիչները դուրս են եկել փողոց իրենց բողոքի ձայնը բարձրացնելու գազի թանկացման հետ կապված։ Իշխանությունները հայնտել են, որ կվերանայեն գազի գինը, սակայն երկրում իրավիճակը չի կայունացել։ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը բողոքի ցույցերի համատեքստում հայտարարել է, որ այսուհետ ինքն է Ղազախստանի Անվտանգության խորհրդի ղեկավարը։
ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ, Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի դիմումի հիման վրա և Ղազախստանի ազգային անվտանգությանն ու ինքնիշխանությանը սպառնացող վտանգների բերումով, որն առաջացել է նաև արտաքին միջամտության հետևանքով, ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը Հավաքական անվտանգության պայմանագրի 4-րդ հոդվածի համաձայն՝ որոշում է կայացրել այդ երկրում իրավիճակի կայունացման և կարգավորման նպատակով սահմանափակ ժամանակահատվածով Ղազախստանի Հանրապետություն ուղարկել ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժեր։