Տավուշի մարզի սահմանամերձ Բերդավան գյուղի բարձունքին բացվել է իրենց կյանքը զոհաբերած բերդավանցի հերոսների հիշատակին նվիրված հուշահամալիրը, օծվել խաչքարը։ Այս մասին հայտնել է Հայ Առաքելական եկեղեցու Տավուշի թեմը։
Ըստ գրառման՝ հուշահամալիրը կառուցվել է «Բերդավան» հիմնադրամի նախաձեռնությամբ՝ բերդավանցիների և ընկերների աջակցությամբ։
«Կարմիր ժապավենը կտրեցին, խաչքարի՝ ջրով և գինով լվացումն արեցին մեր նահատակների ընտանիքների անդամները։
Մեր նահատակ զավակների, եղբայրների ու հայրերի սխրանքին ու հաղթանակի տեսիլքին հավատարիմ ապրենք, որպեսզի կարողանանք վերականգնել մեր արժանապատվությունը և նզովված չգնալ այս աշխարհից»,- ասված է գրառման մեջ։