Սյունիքի մարզի Տեղ համայնքից գերեվարված բնակիչ Սուրիկ Մաթևոսյանն արդեն տանն է։ Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում տեղեկացրեց Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցը։
Նրա փոխանցմամբ՝ հովիվի ինքնազգացողությունը լավ է, նրա վրա բռնության հետքեր էլ չկան։
Միևնույն ժամանակ համայնքի ղեկավարն ասաց, որ ադրբեջանական կողմը Սուրկի Մաթևոսյանի մոտ 300 գլուխ ոչխարներին չի վերադարձրել։ Նրա խոսքով՝ աշխատանքներ են տարվում մանր եղջերավոր կենդանիներին վերադարձնելու ուղղությամբ։
«Երեկ կեսօրից հետո ադրբեջանցիներն առևանգել են հովվին, աչքերը կապել են ու տարել։ Քշել–տարել են նաև նրա հոտը։ Սուրիկ Մաթևոսյանը ոչխարներն արածեցնելու ժամանակ է գերեվարվել ադրբեջանցիների կողմից։ Ռուս խաղաղապահների հետ բանակցություններ են տարվում, որ ոչխարներին վերադարձնեն»,- նշեց նա։
Հիշեցնենք, որ հունվարի 13-ին 53-ամյա հովիվը ոչխարները արածեցնելուց պատահականորեն հատել էր սահմանը։ Ադրբեջանցիներն առևանգել էին հովվին։
Հավելենք, որ երեկ երեկոյան ռուս խաղաղապահները նրան հանձնել են ՀՀ Զինված ուժերի ներկայացուցիչներին։