Առողջապահության նախարարության շենքի մոտ մի խումբ քաղաքացիներ շտապ հանարահավաք են անցկացնում նոր սահմանափակումների հաղթահարման թեմայով։
Հունվարի 22-ից Հայաստանում կկիրառվեն նոր սահմանափակումներ: Հանրային մի շարք վայրեր այցելելողները պետք է հավաստեն, որ պատվաստված են կամ ներկայացնեն թեստի բացասական արդյունք:
Առողջապահության նախարարի հրամանի համաձայն՝ այդ վայրերն են՝ հանրային սննդի օբյեկտները, հյուրանոցները, մարզասրահները, գրադարանները, թանգարանները, թատերահամերգային, կինոյի և այլ մշակութային գործունեություն իրականացնող կազմակերպությունները:
Ակցիայի նախաձեռնող, «Զարթոնք» կուսակցության նախաահ Արա Զոհրաբյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ առողջապահության նախարարի հրամանը շրջանցման տեղիք է տալիս։
«Եթե մեկը եկավ մտավ մարզասրահ, ստուգողը, եթե եկավ և արձանագրեց, որ այդ մարդը պատվաստված չէ, կամ էլ ՊՌՇ թեստ չունի, ուրեմն, նրան պետք է տուգանի, ոչ թե մարզասրահի տնօրինությանը։ Նույնն է գործատու-աշխատողի դեպքում։ Տեսեք՝ գործատուների վրա դրված չէ պարտականություն, որ պետք է աշխատակիցներին պատվաստեն կամ ՊՇՌ հետազոտություն անցկացնեն։ Նրանց պարտականությունը մեկն է՝ այդ մասով միայն գրանցամատյան լրացնել, սակայն մեր գործատուների մի մասն առողջապահության նախարարից ավելի մոլեռանդ են, և աշխատողներին ստիպում են պատվաստվել»,- նշեց նա։
Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանը հրապարակել է որոշում, որով Սահմանադրությանը հակասող և անվավեր է ճանաչվել առողջապահության նախարարի հրամանի այն հատվածը, համաձայն որի՝ աշխատողն իր հաշվին պետք է հանձնի կորոնավիրուսի ՊՇՌ թեստը: