ՀՀ քաղաքացին Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունն է խնդրել Հայաստանի մարզերի դպրոցներից մեկում ֆիզկուլտուրայի ուսուցչի կողմից 6-րդ դասարանում սովորող իր որդու և դասընկերների նկատմամբ պարբերաբար բռնություն գործադրելու հարցը կարգավորելու համար, հայտնում է ՀՀ ՄԻՊ գրասենյակը։
Քաղաքացու դիմումի համաձայն՝ ծնողները ուսուցչի պահվածքի մասին տեղյակ են պահել դպրոցի տնօրենին, որը հավաստիացրել է, որ կուսումնասիրի խնդիրը և միջոցներ կձեռնարկի, սակայն որևէ միջոց չի ձեռնարկել:
Հաշվի առնելով բողոքով բարձրացված խնդրի կարևորությունը՝ ՀՀ ՄԻՊ աշխատակազմի իրավասու ներկայացուցիչներն այցելել են տվյալ դպրոց և խնդիրը քննարկել դպրոցի տնօրենի, մարզպետարանի ներկայացուցչի, 6-րդ դասարանի դասղեկի, դասարանի 28 աշակերտների, նրանց ծնողների, ինչպես նաև ենթադրյալ բռնություն գործադրած ֆիզկուլտուրայի ուսուցչի հետ:
Քննարկմանը ներկա բոլոր ծնողները պնդել են, որ ֆիզկուլտուրայի ուսուցիչը պարբերաբար բռնություն է գործադրել երեխաների նկատմամբ:
Պաշտպանը գրությամբ մարզպետարանից պարզաբանումներ է պահանջել բարձրացված հարցի կապակցությամբ, իսկ ՀՀ գլխավոր դատախազություն ուղարկված գրությամբ բարձրացրել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված ընթացակարգի շրջանակում նկարագրված հանգամանքները ստուգելու հարցը:
Քննարկման արդյունքում դպրոցի տնօրենի հրամանով ուսուցչին ոչ վայել պահվածքի համար ֆիզկուլտուրայի ուսուցչի նկատմամբ կիրառվել է «նկատողություն» կարգապահական տույժը, և դասերի բնականոն ընթացքը չխաթարելու նպատակով 6-րդ դասարանի ֆիզկուլտուրայի դասաժամերը դասավանդելու համար այլ ուսուցչի է փոխանցվել։ Միաժամանակ, մարզպետի կողմից դպրոցի տնօրենին հանձնարարվել է դպրոցի ուսուցչական անձնակազմի հետ տանել համապատասխան բացատրական աշխատանքներ՝ դպրոցում բացառապես մանկավարժական մեթոդներ կիրառելու և ուսումնական գործընթացի բնականոն ընթացքը խստագույնս պահպանելու նպատակով: