2021 թվականին ՄԻՊ գրասենյակն այցեր է իրականացրել Ավանի, Սևանի հոգեկան առողջության կենտրոն, Լոռու մարզային հոգենյարդաբանական դիսպանսեր և Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ։ Արձանագրված փաստերը ՄԻՊ Արման Թաթոյանը ներկայացրեց մամուլի ասուլիսի ընթացքում։
Նա փաստեց, որ հոգեկան առողջության ոլորտի համակարգային խնդիրների լուծմանը համապարփակ մոտեցում չի ցուցաբերվել.
«Գլխավոր խնդիրը շարունակում է մնալ այն, որ Հայաստանում հոգեկան առողջապահությունը կենտրոնացած է հիվանդանոցային հաստատություններում և գոյություն չունեն համայնքահեն ծառայություններ։ Գլխավոր հարցերում չի վարվում միասնական քաղաքականություն»։
Թաթոյանն ընդգծեց, որ հոգեբուժարաններում անգործունակ անձինք հաճախ կորցրած են լինում իրենց խնամակալների հետ սոցիալական կապերը, ոմանք նույնիսկ տեղեկացված չեն լինում, թե ովքեր են իրենց խնամակալները։
«Ցավոք, հոգեբուժարաններում և սոցիալական խնամքի հաստատություններում բուժում և խնամք ստացող անգործունակ անձինք հիմնականում անտեսված են նաև խնամակալների կողմից», – մատնանշեց պաշտպանը։
Հոժարակամ և հարկադիր բուժման խնդիրներին անդրադառնալով՝ պաշտպանն ասաց, թե գործնականում խախտումները շարունակվում են։
ՄԻՊ-ի դիտարկումներով՝ հոգեբուժարաններում բուժվող անձանց իրավունքների հիմնական խախտումները կառավարության մակարդակով վարվող ոչ ճիշտ պետական քաղաքականության և հոգեկան առողջության խնդիրներ ունեցող մարդկանց նկատմամբ անփույթ և անուշադիր վերաբերմունքի արդյունք են։