ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է․ «Քրեական ենթամշակույթը տեղ չունի Հայաստանում, և վերջ»։
Տեսանյութում արտացոլված է քրեական ենթամշակույթը վերացնելու համատեքստում՝ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և տարածքային ստորաբաժանումների ծառայողների իրականացրած հերթական միջոցառումը մայրաքաղաքում։
Մանավորապես ծառայողները հայտնաբերել ու տարբեր կասկածանքներով բաժիններ բերման են ենթարկել քրեական ենթամշակույթ կրող անձանց։
Կատարվել են անձնական խուզարկություններ ու մեքենաների զննություններ։ Հայտնաբերվել և առգրավվել են մարիխուանայի նմանվող զանգվածներ և սառը զենքեր։
Նշվում է, որ հասարակական անվտանգության ապահովմանն ուղղված հետևողական ու արդյունավետ միջոցառումները ոստիկանության ամենօրյա գործառույթն են, ուստի ոստիկանությունը հետևողական է լինելու քրեածին բարքերը վերացնելու պայքարում՝ մշտապես իրականացնելով հատուկ միջոցառումներ, որոնք միտված են «քրեական ենթամշակույթի» սին ու շինծու հասկացությունները վերացնելուն։