Այսօր՝ հունվարի 24-ին, լարված իրավիճակ է ստեղծվել Գեղարքունիքի մարզում: Ինչպես տեղից հայտնում է Shamshyan.com-ը, Ծովագյուղ և Սեմյոնովկա գյուղերի բնակիչները, ի նշան բողոքի, փակել են Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի Ծովագյուղի վարչական տարածքի գլխավոր ճանապարհը և պահանջում են, որպեսզի կառավարությունը չեղյալ հայտարարի խոշորացման մասին իրենց որոշումը:
Ինչպես հայտնում է կայքը՝ բողոքի ակցիայի մասնակիցներն ասել են, որ դեմ են գյուղերը խոշորացված ցուցակի տակ մտցնելուն և Սևանին միացնելուն:
«Մենք մեր գյուղապետերով ուս ուսի տված ծաղկեցրել ենք ու շարունակելու ենք ծաղկեցնել մեր գյուղերը ու իզուր չի, որ տուրիստներ են գալիս մեր գյուղեր ու ասում են՝ այ մարդ, «մինի Շվեյցարիայում» ասես լինենք, ճանապարհներն ասֆալտապատած, մայթերը կարգի բերված, ցանկացած փողոցում արտաքին լուսավորության հարցը լուծված, աղբահանությունը կատարվում է ժամանակին: Մարդիկ էն աստիճան են իրար վստահում, որ ասես կոմունիզմը դեռ էս գյուղից դուրս չի եկել: Իրենց տան բանալիները սովետի տարիների նման թողնում են դռան վրա ամրացված կախիչին: էս գյուղերն էն գյուղերն են, որ կարելի է ասել՝ մեկը բոլորի համար, բոլորը՝ մեկի, ու դա շնորհիվ գյուղացիների ու մեր գյուղապետերի: Թե չէ, եթե մեր գյուղերը միանան Սևանին, տարի էլ չլրացած՝ սաղս դառնալու ենք Սևանի հոգեբուժարանի կլիենտ»,- ասել են բնակիչները:
Ճանապարհի փակման հետևանքով խցանումը արդեն հասնում է 1-1,5 կիլոմետրի: Այս պահին գյուղացիների հետ բանակցում են ոստիկանության Սևանի բաժնի պետ Սուրիկ Ջանիկյանը և ոստիկանության Սևանի բաժնի ծառայության գծով տեղակալ Ղազար Դավթյանը: