Երեկ Բելգիայի ԱԳՆ-ում տեղի են ունեցել ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանի քննարկումները բարձրաստիճան ներկայացուցիչների հետ, որի ընթացքում ներկայացրել է ադրբեջանական զինված ծառայողների հեռացման հրատապությունը և հիմքերը: Այս մասին հաղորդում է ՄԻՊ-ը։
«Բելգիայի Արտաքին գործերի նախարարության Երկկողմ հարաբերությունների հարցերով գլխավոր տնօրեն Ջերոն Կուրմանի և Արևելյան և Հարավ-Արևելյան Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի հարցերի տնօրեն Լյուկ Լիբաուտի հետ հանդիպմանը մանրամասն հիմնավորել եմ, որ պատերազմից անմիջապես հետո ադրբեջանական զինված ծառայողները միջազգային իրավունքի խախտումով հայտնվել են Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի գյուղերի հարևանությամբ և Սյունիքի համայնքների միջև ճանապարհներին: Այդ պահից սկսած ամեն օր խախտում են Հայաստանի բնակչության իրավունքները, խաթարել են մարդկանց նորմալ կյանքը»,- գրել է Թաթոյանը:
Նա տեղեկացրել է, որ ներկայացրել է 2021թ. նոյեմբերի Գորիս-Կապան և Կապան-Ճակատեն ճանապարհների արգելափակմանը: Աասել, որ այլընտրանքային ճանապարհը լուծում չէ, քանի որ ապահովված չէ մարդկանց անվտանգությունը. ադրբեջանական զինված ծառայողները նշանառության ներքո են պահում ճանապարհը, քաղաքացիական բնակիչներին, նրանց տները:
«Ասածս վերաբերում է նրանց բոլոր տեղակայումներին ու ոչ միայն մայիսյան ներխուժումներին:
Մարդկանց իրավունքների պաշտպանությունը պահանջում է ապառազմականացված [անվտանգության] գոտի:
Սա չի նշանակում, թե այդ կերպ միանգամից որոշում ենք՝ ի՞նչ կամ ու՞մ տարածքն է: Դա կորոշվի հետագայում՝ առնվազն զուգահեռ սկսված դելիմիտացիայի ու դեմարկացիայի արդյունքում, բայց պետք է ամեն ինչ անել մարդկանց նորմալ կյանքը, անվտանգությունը վերականգնելու համար»,- գրել է Թաթոյանը:
Նա զուգահեռ ներկայացրել է ԵԱՀԿ, ՄԱԿ և այլ միջազգային պահանջներն ու միջազգային փորձը, որից բխում է այս առաջարկը:
Նշել է նաև, որ խախտումները բնույթով նույնն են նաև Արցախում, ինչի մասին վկայում են Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցները: