Մեկնարկեց 2020 թվականի ՀՀ Կառավարության առաջին նիստը։ Նիստի սկզբում վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսեց 2020 թվականի անելիքների մասին։
Վարչապետը համոզմունք հայտնեց, որ 2020 թվականը լավ ենք սկսել և այս տարի էլ ավելի լավ արդյունքներ են արձանագրվելու։ Վարչապետն առանձնահատուկ անդրադարձավ զբոսաշրջության ոլորտին.
«Սպասում ենք, որ 2020-ը զբոսաշրջային առումով լավ տարի է լինելու, և դրա համար կան կոնկերտ ազդակներ։ Բյուջետային ավիաընկերությունները սկսում են թռիչքները և դա զբոսաշրջիկների համար մատչելի գներով Հայաստան գալու հնարավորություն է ստեղծում»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ միաժամանակ ընդգծելով, որ միջազգային ԶԼՄ-ները խորհուրդ են տալիս գնալ Հայաստան։
Վարչապետը կարևորեց նաև նոր բյուջետային ավիաընկերությունների՝ Գյումրիից չվերթների սկսումը՝ նշելով, որ Գյումրիից սկսվել է երկու ուղղություններով չվերթները։
«Նոր ավիաընկերությունները Հայաստան են բերելու ոչ լյուքս դասի զբոսաշրջիկների, նրանք պոտենցիալ հաճախորդներ են փոքր և միջին բիզնեսի համար, քանի որ նրանք գալիս են ոչ թե բարձրակարգ ծառայություններից օգտվելու համար, այլ Հայաստանի բնությունը, միջավայրը տեսնելու համար»,-ասաց Փաշինյանը։
Խոսելով զբոսաշրջիկների դեպի Հայաստան ներգրավման մասին՝ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այս ուղղությամբ պետք է ունենանք կոնկրետ ծրագրեր, պետք է բարձրացվի մատուցվող ծառայությունների որակը։
Վարչապետը մատուցվող ծառայությունների հարցում կարևորեց օդանավակայանները սպասարկող տաքսի ծառայությունների որակի բարձրացումը։
«Զբոսաշրջիկների համար պետք է տեղեկատվական թերթիկներ պատրաստվի տաքսիների և այլ ծառայությունների մասին»,-ասաց վարչապետը։