Հայաստանի Հանրապետության նախագահի տիկին Նունե Սարգսյանը Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում՝ Մատենադարանում, մասնակցել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործունեության 25-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը: Այս մասին տեղեկատվություն է տարածել ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Տանյա Ռադոչայը հայտարարել է, որ տիկին Նունե Սարգսյանը ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից նշանակվել է երեխաների իրավունքների արտակարգ պաշտպան:
Տիկին Նունե Սարգսյանը շնորհակալություն է հայտնել նման պատվի արժանանալու համար:
«ՅՈՒՆԻՍԵՖ-ը համամարդկային կառույց է, որը պետք է շարունակի գոյությունը, և դա է պատճառը, որ մենք նրան չպետք է միայնակ թողնենք թե՛ այստեղ՝ Հայաստանում, թե՛ ամբողջ աշխարհում: Մենք պետք է համախմբվենք ՅՈՒՆԻՍԵՖ-ի շուրջը, որպեսզի մանուկներն ունենան երջանիկ մանկություն: Երեխաներն են մեր հարստությունը և ամենամեծ արժեքը»,-նշել է Նունե Սարգսյանը:
ՀՀ նախագահի տիկինը կարևորել է երեխաների համար հավասար հնարավորությունների և պայմանների ապահովումը՝ ընդգծելով, որ նրանք բոլորը երջանիկ լինելու, ապահով, առողջ մանկություն ունենալու իրավունք ունեն՝ ընդգծելով Հայաստանի հեռավոր գյուղերում երեխաների համար պատշաճ որակի կրթության ապահովման հարցը:
«ՅՈՒՆԻՍԵՖ-ի և իմ ծրագրերից մեկը նվիրված կլինի կրթությանը և հեռավոր գյուղերում ուսուցիչների պակասը լրացնելուն»,-ընդգծել է Նունե Սարգսյանը՝ հավելելով մեծ պատվով կկատարի երեխաների իրավունքների արտակարգ պաշտպանի պարտականությունները:
Նունե Սարգսյանը հավաստիացրել է, որ իր ջանքերը կներդնի, որպեսզի երեխաներն ունենան առողջ, երջանիկ և ապահով մանկություն։