Երևանի քաղաքապետարանը հայտարարում է մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի նախագծի բաց մրցույթ։ Այս մասին գրառում է կատարվել քաղաքապետարանի Ֆեյսբուքյան էջում։
Համաձայն հաղորդագրության՝ հուշարձանը նախատեսվում է կառուցել բրոնզե հարթաքանդակի ձևաչափով և տեղադրել Զաքյան, Բեյրութի և Սուրբ Գրիգոր Լուսավորիչ փողոցներով պարփակված Մանկական այգում։
Հուշարձանի գաղափարական հորինվածքը սահմանափակվելու է ձեռքերի և նշմարվող մարմինների ուրվագծերի համադրությամբ՝ բացառելով ֆիգուրատիվ լուծումները և դիմանկարային նմանությունները:
Հուշարձանի անվանումը փորագրվելու է կրող հարթակի վերնամասում՝ «2008թ. մարտի 1-ի զոհերի հիշատակին» գրությամբ:
«Հուշարձանը ճարտարապետական և գեղագիտական տեսանկյուններից պետք է ներդաշնակ և համահունչ լինի տվյալ միջավայրին, տարածության մեջ մասշտաբի առումով նպաստի ամբողջական ընկալմանը և չխաթարի հետիոտնի անարգել շարժմանը»,- ասված է հաղորդագրությունում։
Մանրամասները՝ https://www.yerevan.am/am/announcement/haytararowt-yown-183/