Վաշինգտոնում Ամերիկյան պատմության ազգային թանգարանում նոյեմբերի 18-ին անցկացվել է հայկական խոհանոցին նվիրված միջոցառում: «Լավաշ» անունը կրող գրքի համահեղինակներ Քեյթ Լեհին, Ջոն Լին և Արա Զադեն Սմիթսոնյան հիմնադրամի հովանու ներքո ցուցադրեցին, թե ինչպես են պատրաստվում հայկական լավաշը, ղափաման և ժինգյալով հացը: Միջոցառումը նվիրված էր հայկական խոհանոցի մասին գրքի շնորհանդեսին: Այս մասին հայտնում է «Ամերիկայի ձայնը»։
Սմիթսոնյան հիմնադրամի ներկայացուցիչ Հեյլի Բատվինի խոսքերով գրքի շնորհանդեսն ու հայկական ուտեստների պատրաստումը հայկական խոհանոցը լավագույն ներկայացնելու կարևոր ծրագրերից է։
«Այս գիրքն այն առաջին փորձերից է, որտեղ ներկայացված է, թե ինչպիսին է հայկական խոհանոցը»,- ասում է Հեյլի Բատվինը։
Գրքի համահեղինակ Արա Զադենը նշել է, որ գիրքը կարևոր բաց է լրացնում՝ ժամանակակից Հայաստանի խոհանոցն ավելի ճանաչելի դարձնելու համար: Հայաստանում եղած օրերին նա արձանագրել է զգալի տարբերություն Սփյուռքի ու Հայաստանի խոհանոցների միջև, բացառություններից է, թերևս, լավաշը:
«Լավաշը չափազանց կարևոր տեղ է զբաղեցնում հայկական մշակույթում: Այն առկա է հայկական յուրաքանչյուր հյուրասիրության սեղանի վրա, ուստի մենք որոշեցինք վերնագրել գիրքը «Լավաշ»,- ասել է Զադեն:
Գրքի համահեղինակ Ջոն Լեհինին հայկական խոհանոցը հրապուրել է իր բազմազանությամբ՝ միաժամանակ այն բնութագրելով յուրահատուկ ամերիկյան տեսանկյունից, չափազանց համեղ ու ստեղծագործական:
«Չափազանց ուրախ եմ, որ միջոցառմանը ներկա էին ոչ միայն հայեր, այլև այլզգիներ: Հույս ունենք, որ մեր գիրքը հասանելի կլինի նաև ոչ հայ ընթերցողին»,- շեշտում է Լին:
Նույն օրը երեկոյան ԱՄՆ-ում ՀՀ դեսպանատանը կայացավ «Լավաշ» գրքի շնորհանդեսն ու այդ առիթով ընդունելություն: Հայաստանի դեսպան Վարուժան Ներսիսյանն իր խոսքում ընդգծեց նման միջոցառումների կարևորությունը հայկական մշակությային ժառանգության պահպանման համար, իսկ նախաձեռնության հեղինակները իրենց տպավորություններով կիսվեցին հայկական խոհանոցի ու Հայաստանի մասին: