Կառավարությունն այսօր հավանություն է տվել ՀՀ քաղաքաշինության կոմիտեի մշակած նախագծին, որի նպատակն է ապահովել հաշմանդամություն ունեցող անձանց համար քաղաքաշինական օբյեկտների շահագործման մատչելիությունը:
Այդպիսով հաստատվել են նախագծային հատուկ լուծումներով համալրման ենթակա մի շարք կարևորագույն նշանակության օբյեկտների ցանկը և նախագծային հատուկ լուծումներով համալրման ենթակա մի շարք կարևորագույն նշանակության օբյեկտների շահագործման մատչելիությունն ապահովող միջոցառումների ծրագիրը:
Շինարարական աշխատանքների իրականացումը, ներառյալ շինթույլտվության ձեռքբերումը, գնման հայտերի պատրաստումը, մրցույթների կազմակերպումը կատարված աշխատանքների հանձնում-ընդունումը նախատեսվում է 2024թ. առաջին կիսամյակից մինչև 2026 թվականը՝ շարունակական:
Այսպիսով կարևոր նշանակության 20 շենք կդառնա մատչելի: Դրանք են՝
1. ՀՀ Ազգային ժողովի շենքը,
2. ՀՀ կառավարության մասնաշենքերից Կառավարական տունը,
3. ՀՀ Սահմանադրական դատարանի շենքը,
4. ՀՀ գլխավոր դատախազության շենքը,
5. Ազգային անվտանգության ծառայության շենքը,
6. ՀՀ ոստիկանության շենքը,
7. Ազգային անվտանգության խորհրդի շենքը,
8. ՀՀ վարչապետին ենթակա պետական վերահսկողական ծառայության շենքը,
9. Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքը,
10. Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը,
11. «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի շենքը,
12. Հայաստանի ազգային պատկերասրահի շենքը,
13. Հայաստանի ազգային գրադարանի շենքը,
14. Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի շենքը,
15. Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մարզահամերգային համալիրը,
16. ՀՀ երկաթուղային կայարաններ (այդ թվում Երևանի երկաթուղային կայարանի շենք)
17. Հայաստանի ճարտարապետների միության շենքը և Ալեքսանդր Թամանյանի անվան Հայաստանի ճարտարապետի տունը,
18. Հայաստանի նկարիչների միության շենքը,
19. Հեռուստակենտրոնի հին մասնաշենքը,
20. Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան Մետրոպոլիտենի կայարանները: