Հունաստանի նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսը տիկնոջ հետ նոյեմբերի 6-ին այցելել է Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ։ Շրջայցից հետո Հունաստանի նախագահը լրագրողների հետ կիսվել է իր տպավորություններով։
«Մատենադարանում ցուցադրված ցուցանմուշները վկայում են ողջ մարդկության մշակույթում հայ ժողովրդի ունեցած մեծ ավանդի մասին։ Մատենադարանը կարելի է անվանել համամարդկային մշակույթի կենտրոն։ Ես շատ տպավորված էի՝ իմանալով, որ Ցեղասպանության ժամանակ ձեր նախնիները փրկել են ձեռագրերը։ Դա ցույց է տալիս հայ ժողովրդի հզորությունը», – ասել է Հունաստանի նախագահը։
Նշենք, որ Մատենադարանն ունի ավելի քան 17 հազար հին ձեռագրեր և ավելի քան 100 հազար հին արխիվային փաստաթղթեր։ Հայկական ձեռագրերի հետ միասին (11230 ամբողջական և 2200 հատվածական) այստեղ պահվում են 3000-ից ավելի ձեռագրեր ռուսերեն, եբրայերեն, լատիներեն, արաբերեն, հունարեն, վրացերեն, հնդկերեն, ճապոներեն, պարսկերեն և այլ լեզուներով: Թանգարանի հիմնադրամներում պահվում են 2281 հնատիպ գրքեր (մինչև 1800 թվականը)։