«Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ տնօրենի ժ/պ Գևորգ Ավետիսյանը շնորհավորական ուղերձ է հղել մետրոպոլիտենի շահագործման 41-ամյակի առթիվ։
«Տոնական այս օրը հետադարձ հայացք նետելով Երևանի մետրոպոլիտենի անցած 41 տարիներին և երախտագիտությամբ հիշելով կառուցողներին և շենացնողներին՝ շնորհակալության առանձնահատուկ խոսքերը պիտի ուղղենք նաև բոլոր այն մարդկանց, ովքեր այսօր իրենց տքնաջան աշխատանքով ամեն ինչ անում են մետրոպոլիտենի զարգացման ու կայացման հարցում։
1966-1970 թվականներին մեր մայրաքաղաքի համար ամենահրատապ հարցերից էր մարդատար տրանսպորտի շուտափույթ կարգավորումը: Խնդիրը պայմանավորված էր այդ տարիներին բնակչության աճի աննախադեպ տեմպով:
1962-1964 թվականներին մշակված Երևանի նոր հատակագծի համաձայն՝ մետրոպոլիտենի միջոցով բնակչության տրանսպորտային սպասարկումն ամենաարդյունավետն էր դիտվում և համապատասխանում էր մայրաքաղաքի զարգացման հեռանկարին:
1971 թվականին ստացվեց ստորգետնյա արագընթաց տրամվայի շինարարության թույլտվությունը, ապա 1977 թվականին նաև համաձայնություն տրվեց, որ այն վերափոխվի մետրոպոլիտենի շինարարության: Նախ սկսեցին աշխատել նախագծողները, ապա՝ նաև շինարարները:
1981 թվականի մարտի 7-ին տեղի ունեցավ Երևանի մետրոպոլիտենի բացման հանդիսավոր արարողությունը:
«Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենը» ներկայումս ունի ավելի քան 12 կմ ընդհանուր շահագործվող երկարության գիծ, 10 կայարան, վագոնային պարկը բաղկացած է 45 վագոնից, շահագործվում է 33-ը։
Մետրոպոլիտենը տարեկան տեղափոխում է ավելի քան 15 մլն ուղևոր: