Այս գիշեր հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում հանգիստ է անցել, կրակոցներ չեն հնչել: Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում տեղեկացրեց Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը:
Մարզպետը նաև հայտնեց, որ երեկ այցելել է Երասխ և տեղում հետևել իրավիճակին:
«Հանգիստ է եղել իրավիճակը, լարվածություն չկա: Գյուղում նույնիսկ չեն էլ լսել կրակոցները: Դիրքերում է եղել կրակոցները: Միշտ էլ դիրքերի ուղղությամբ իրավիճակը սրվել է, նորություն չէ սա մեզ համար»,- հավելեց նա:
Ի դեպ, Երասխի վարչական ղեկավար Ռադիկ Օղիկյանը հրաժարավեց որևէ տեղեկություն չփոխանցել, այլ հորդորեց հետևել միայն պաշտպանոթյան նախարարության տարածած հաղորդագրություններին:
Հիշեցնենք, որ մարտի 7-ին, ՊՆ-ի տարածած հաղորդագրության համաձայն՝ ժամը 12։40-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները նշանառու կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևմտյան հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ԶՈՒ երկու զինծառայող։ Նրանցից մեկը, ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող, սերժանտ Հրաչ Արամի Մանասարյանը, հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է։
Վիրավորում ստացած մյուս զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում։