Երևանում կտրուկ բարձրացել են բնակարանների վարձակալության և վաճառքի գները: Սա կապված է Ռուսաստանից և այլ երկրներից մեր երկիր եկած աննախադեպ թվով օտարերկրյա քաղաքացիների հոսքով, որոնք պատրաստ են ավելի բարձր գներով բնակարան կամ օֆիսային տարածք վարձակալել: Նրանցից շատերն արևմտյան գործընկերների հետ համագործակցող կազմակերպությունների աշխատակիցներ են, որոնք, Հայաստան գալով, պահպանում են եկամտային աղբյուրը՝ ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակից ելնելով:
Armenia Today-ի թղթակիցն ուսումնասիրել է Հայաստանում բնակարանների վարձակալության ու վաճառքի մասին հայտարարություններ տեղադրող կայքերը, մասնավորապես՝ list.am, estate.am կայքերում հրապարակված հայտարարությունները: Ուսումնասիրել ենք նաև Telegram-ի հատուկ չաթերը, որտեղ ռուսները հայտարարություններ են հրապարակում՝ տարածք վարձակալելու իրենց մտադրության, պայմանների, իսկ տեղի բնակիչները՝ վարձով տարածք տրամադրելու մասին:
Այսպիսով՝ պարզեցինք, որ միջին հաշվով Երևանի ծայրամասերում բնակարան կարելի է վարձակալել սկսած 450-500, իսկ կենտրոնում՝ նվազագույնը 700 դոլարով։ Սա սովորական գներից էականորեն բարձր է:
Armenia Today-ի թղթակցի հետ զրույցում «Silver Rea» անշարժ գույքի գործակալության տնօրեն Անդրանիկ Հարությունովը նշեց, որ գնաճը պայմանավորված է հիմնականում նրանով, որ օտարերկրացիների՝ բնակարանի վարձակալությունը երկարժամկետ չէ:
«Վարձակալության շուկայում, առհասարակ, երբ մեկ-երկու ամսով են վարձում, գինը 20-30 տոկոսով բարձրանում է: Իրականում հոսքը շատ մեծ է, կա տների ուժեղ դեֆիցիտ, բայց նրանք հիմնականում Կենտրոն, Արաբկիր համայնքների տներն են վարձում, որոնք համարյա միշտ էլ բարձր գներ են ունեցել»,- ասաց Հարությունովը՝ չբացառելով, սակայն, որ կան մարդիկ, ովքեր օգտվում են առիթից և բարձր գներ են սահմանում: Նրա խոսքով՝ օրինակ, երկարաժամկետ վարձակալությամբ 1000 ԱՄՆ դոլարով տրվող բնակարանը կարճաժամկետ տրամադրելիս արժեքը մոտ 300 դոլարով ավելանում է. դա բնական է:
Անշարժ գույքի «Dream House Real estate» գործակալության ղեկավար Դավիթ Սաֆարյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ իր 5-ամյա ոլորտային աշխատանքի ողջ ընթացքում նման դեպք չի հիշում: Նրա խոսքով՝ բնակարանների վարձակալությունն ավելի շատ պայմանավորված է պահանջարկի ավելացմամբ և նույնպես դա կապում է շուկայի թույլ վերահսկմամբ: Սաֆարյանի խոսքով՝ օգտվելով հնարավորությունից՝ անբարեխիղճ կազմակերպությունները բարձր գին են սահմանում, որը շղթայաձև տարածվում է ողջ շուկայի վրա:
«Վերջին մեկ շաբաթվա ընթացքում դիմած բոլոր մարդիկ երկարաժամկետ մնալու նպատակով են դիմել: Վարձում են հիմնականում 6 ամսից մինչև մեկ տարի ժամկետով, քիչ են 2-3 ամսով մնացողները, գալիս են ընտանիքներով՝ մոտակա 6 ամիսներին Հայաստանում մնալու նպատակով»,- ասաց Սաֆարյանը:
Ինչ վերաբերում է հարցի տնտեսական հետևանքներին, ապա տնտեսագետ Հովհաննես Ավետիսյանը կարծում է, որ գնաճի գլխավոր «հեղինակը» գործակալություններն են: Որքան էլ փակ տները Երևանի կենտրոնում շատ են, այնուամենայնիվ, վարձով տրվող բնակարանները քիչ են:
«Եթե ինչ-որ բանի սպառումը կտրուկ աճում է, իսկ առաջարկը չի կարողանում արագ աճել, ապա աճում է գինը»,- նշեց Ավետիսյանը: Նա պարզաբանեց, որ երևույթը մշտական չէ: Հատուկ խանդավառության պատճառ չի տեսնում, Ռուսաստանից Հայաստան թափանցած քաղաքացիները, հավանաբար, ՏՏ ոլորտում աշխատող մարդիկ են, որոնք պարզապես պետք է ժամանակավորապես իրենց կապը «դրսի» աշխարհի հետ պահպանեն Հայաստանից: Բոլոր եկամուտները, որքան էլ որ Հայաստանում ստացվեն, վերադառնալու են Ռուսաստան: Ահա, թե ինչու տնտեսագետը ոչ մի տնտեսական «բում»-ի չի սպասում, ավելին՝ աճ նույնպես չի կանխատեսում: Պատճա՞ռը:
«Հայկական ենթակառուցվածքները մեծ տնտեսական աճ ապահովելու պատրաստ չեն»,- ասաց փորձագետը:
Արաքսյա Սնխչյան