ՀՀ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Արտաշատի թիվ 5 դպրոցում աշակերտների սննդային թունավորման դեպքի առթիվ: Այս մասին հաղորդում է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն:
Ավելի վաղ ահազանգ էր ստացվել, որ «Սննդային թունավորում» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել Արտաշատի թիվ 5 դպրոցի աշակերտներ:
Փաստի առթիվ Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով: Նախնական տվյալներով՝ երեխաները սննդային թունավորում ստացել են դպրոցի բուֆետում վաճառվող սննդից:
Նախաքննության ընթացքում ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է դպրոցի բուֆետին սննդամթերք մատակարարած կազմակերպությունը, որտեղ կատարվել է զննություն, վերցվել են նմուշներ: Նմուշառումներ են կատարվել նաև դպրոցի բուֆետից և առաքված սննդամթերքից:
Այս պահի դրությամբ քրեական գործի տվյալներով թունավորումից տուժել է 24 անձ: Պարզվում է տուժածների ամբողջական շրջանակը: Միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ: