Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը տարրական միջազգային հարաբերությունների գիտելիքներ չունի։ Կառավարության շենքի դիմաց բողոքի ցույցի ժամանակ ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը։
Ընդդիմադիր պատգամավորը տեղեկացրեց, որ փողոցային պայքարը չի ավարտվել, կավարտվի այն ժամանակ, երբ Հայաստանն ունենա արժանապատիվ իշխանություն։
«Թե՛ այստեղ նստած, թե՛ սահմանից այն կողմ նստած թշնամին պետք է հասկանա, որ մի խունտայի ճիվաղությունը, դրական ազդակներ տեսնելն այն փաստում, որ մեր եղբայրներին են գերեվարում և սպանում, մեր երկրի քաղաքացիներից ոչ մեկի համար դրական ազդակ չէ, միայն իրենց խունտայի համար է ազդակ։ Թող լավ հասկանան, որ Հայաստանի հետ վերջնագրերով չեն խոսում, որ Արցախն Ադրբեջանի կազմում երբեք չի լինելու ու կապ չունի, թե սրանք ինչ են անելու, մենք մեր անելիքը կանենք»,- հայտարարեց նա։
Արձագանքելով Արարատ Միրզոյանի հայտարարությանը, թե հայերն ուզում են Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորել՝ Մամիջանյանը շեշտեց, որ Արարատ Միրզոյանը տարրական միջազգային հարաբերությունների գիտելիքներ չունի։
Ի դեպ, Կառավարության շենքի դիմաց ակցիայի մասնակիցները գազի խողովակ «նվիրեցին» Նիկոլ Փաշինյանին՝ հիշեցնելով, որ շուրջ 10 օր Արցախում հումանիտար աղետ է, ադրբեջանցիները կտրել են արցախահայությանը՝ գազ ունենալու տարրական իրավունքից։
«Ոչ, հարգելի իշխանություններ, կան չհաստատված տեղեկություններ, որ այս վերանորոգումները ևս որոշակի զիջումների դիմաց են թույլատրվում։ Այսօր բերել ենք այս սիմվոլիկ գազի խողովակը՝ ասելով, որ մատ թափ տալու կամ նմանատիպ այլ գռեհիկաբանությունների փոխարեն այս խողովակն ենք թափ տալիս»,- ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։
Նշենք, որ ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը և ՀՀԿ Երիտասարդական, ուսանողական կազմակերպությունները միասնական ակցիա են իրականացրել Արտաքին գործերի նախարարության շենքի դիմաց՝ ԱԳՆ նախարար Արարատ Միրզոյանին հիշեցնելով, որ ինքը չի ներկայացնում հայ ժողովրդի իրական շահերը։
Նրանք քայլերթով շարժել են կառավարության շենքի մոտ՝ այստեղ ևս իրենց մտահոգություններն ու բողոքի ձայնը բարձրացնելով։
Հիշեցնենք՝ Արարատ Միրզոյանն Անթալիայում հայտարարել է, որ ՀՀ բնակչությունը ցանկանում է կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ։