2019 թ. հոկտեմբերի 11-13-ն ընկած ժամանակահատվածում Հովհաննես Թումանյանի թանգարանը կանցկացնի գրողի ծննդյան 150-ամյակին նվիրված միջազգային գիտաժողով և ցուցահանդես: Գիտաժողովը կրում է «Արևելք-Արևմուտք. Հովհաննես Թումանյանը և հեքիաթի թարգմանության արվեստը» խորագիրը։
Գիտաժողովի թեմատիկան կազմելու է Հովհաննես Թումանյանի հեքիաթների թարգմանությունների ուսումնասիրությունը և համաշխարհային թարգմանական հեքիաթագրության համատեքստում գրողի աշխատանքների գնահատումը:
Միջազգային գիտաժողովը և ցուցահանդեսը կանցկացվեն ՅՈՒՆԵՍԿՕ-ի, ԻՆԵԿՈԲԱՆԿ-ի, ինչպես նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի և Արտաքին գործերի նախարարությունների աջակցությամբ։ Այս մասին տեղեկանում ենք Մատենադարանի ֆեյսբուքյան էջից։
Աղբյուրը հայտնում է, որ միջազգային գիտաժողովի բացումը տեղի կունենա հոկտեմբերի 11-ին՝ ժամը 10:00-ին, Մատենադարանի գիտական մասնաշենքի նիստերի դահլիճում:
Գիտաժողովի բացման արարողությանը ողջույնի խոսքով հանդես կգան ՀՀ նախագահի տիկին Նունե Սարգսյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարձրագույն կրթության ստորաբաժանման ավագ համակարգող Ինգա Նիշանյանը և Հայաստանի ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Լենա Թերզիկյանը:
Նշենք, որ Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյա հոբելյանը 2017 թ.-ին ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ «Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների 2018-2019 թթ.-ի օրացույցում»։