Խորհրդարանն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանի օրենքի նախագիծը, որով առաջարկվում է ընդլայնել դրոշի գործածման տարածքները:
Առաջարկվում է Հայաստանի Հանրապետության դրոշը նախադպրոցական, հանրակրթական, բարձրագույն ուսումնական հաստատությունների, գիտական, մարզական և մշակութային կազմակերպությունների, պետության և համայնքի կողմից հիմնադրված այլ իրավաբանական անձանց շենքերի վրա մշտապես բարձրացնելու պահանջ ամրագրել։
ՀՀ դրոշը Հանրապետության և Անկախության տոներին, ինչպես նաև Սահմանադրության և պետական խորհրդանիշների օրը տեղադրվում է Հայաստանի Հանրապետության բնակավայրերի հրապարակների, փողոցների, այգիների և պուրակների հարակից վայրերում, շենքերի, շինությունների, այդ թվում` բնակելի շենքերի վրա, որոնց ցանկը սահմանում է համայնքի ղեկավարը:
Ըստ նախագծի հեղինակի՝ նախաձեռնությամբ լուծվում է նաև մեկ այլ կարևոր հարց` կապված «Հայաստանի Հանրապետության դրոշի մասին» օրենքի գործնական կիրարկումն ապահովելու օրենսդրական հիմքերի ձևավորման հետ:
«Խնդիրն այն է, որ «Հայաստանի Հանրապետության դրոշի մասին» օրենքի 10-րդ հոդվածով սահմանվում է, որ օրենքի պահանջների խախտումն առաջացնում է պատասխանատվություն օրենքով սահմանված կարգով, սակայն օրենքով սահմանված պահանջների խախտման համար որևէ օրենքով պատասխանատվություն սահմանված չէ»,- նշել էր ընդդիմադիր պատգամավորը։